
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է KfW ԲԱՆԿԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՌՈԼԱՆԴ ԶԵԼԼԵՐԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլերին։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնության Հանրապետության կառավարությանը եւ KfW բանկին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Ըստ նրա, KfW բանկի հետ փոխգործակցության անցած տարիները ցույց են տվել, որ հնարավոր է շատ լավ արդյունքների հասնել։
Զրույցի ընթացքում կարեւորվել են Հայաստանում բանկի կողմից իրականացվող ֆինանսական, հատկապես հիպոթեքային շուկայի, համայնքային զարգացման եւ էներգետիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Նշվել է, որ աղետի գոտու սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցերը, որոնք հուզում են բանկին, գտնվում են նաեւ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
Հանդիպման ավարտին, կարեւորելով ծրագրերի շարունակականության ապահովումը, ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել KfW բանկի՝ մեր երկրում հետագա գործունեությանը եւ հավաստել փոխշահավետ համագործակցությանը հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը։