
ՏՄՊՊՀ – ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՏԱԼԻԵՐՍԻՈՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն երեկ ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսիոյի (ՀԲ Վաշինգտոնի գրասենյակ) գլխավորած պատվիրակությանը:
ՀԲ ավագ տնտեսագետը Հանձնաժողովի նախագահին տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի` 2010 թվականին Հայաստանում իրականացվելիք ամենակարեւոր միջոցառումներից մեկը կապված է մրցակցային հանձնաժողովի հետ, այն է` Հանձնաժողովի անկախության եւ կիրարկման կարողությունների բարելավմանը նպաստելը: Ռ. Տալիերսիոյի փոխանցմամբ, ծրագիրն արդեն վավերացված է եւ առաջիկայում կսկսի գործել:
Բարձր գնահատելով ընդհանրապես Համաշխարհային բանկի փորձագետների խորհրդատվությունը, Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ՀԲ փորձագետների խորհրդով օրերս Ֆինանսների նախարարության հետ համաձայնագիր կկնքվի, համաձայն որի, Հանձնաժողովի մասնագետները կմասնակցեն պետական գնումների համար անցկացվող մրցույթներին, հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին վկայող փաստեր տեղում ի հայտ բերելու նպատակով:
Անդրադառնալով հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից մեկի հայտարարությանը երկու տարբեր պետական մարմինների կողմից միեւնույն խնդրին անդրադառնալու վերաբերյալ, ՀԲ պաշտոնյան շեշտեց. «Համաշխարհային բանկի կարծիքը միշտ այն է եղել, որ մրցակցության մասին օրենքը երկրում տնտեսության կարգավորման ամենակարեւոր գործիքը պետք է լինի եւ տարածվի առանց բացառության բոլոր տնտեսվարողների վրա»:
ՀԲ-ն ծրագրի շրջանակներում օժանդակության հիմնական փուլը կսկսի մրցակցության օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդատվությամբ: