
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանում ընթացող «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում-ներկա վիճակը եւ խնդիրները» թեմայով գիտաժողովի հատուկ նստաշրջանին։
ՀՀ վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ՏՏ զարգացումը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություներից է եւ պետք է իրականացվեն լուրջ միջոցառումներ, որպեսզի ՏՏ բնագավառի զարգացման համար ստեղծվի բարենպաստ միջավայր։ Վարչապետը նշել է, որ դեռեւս լուրջ անելիքներ կան ոլորտի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ. «Առաջին հերթին ենթակառուցվածքների թերություններն ազդում են տեղեկատվության հաղորդման արագության վրա։ Այդ ուղղությամբ մենք ունենք նոր ներդրումային ծրագրեր»։ Նա նշել է, որ GEANT2 ցանցին միանալը եւ CSIRT hամակարգի ներդրումը բացառիկ հնարավորություն է ստեղծում Հայաստանի գիտնականների համար։ Կարեւորելով գիտաժողովի անցկացումը ՀՀ վարչապետն ասել է, որ դրա ընթացքում առաջ կքաշվեն նոր գաղափարներ եւ կստեղծվեն նոր կապեր Հայաստանի եւ այլ երկրների գիտնականների միջեւ։ ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է կրթության, ուսանողների ու մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները։
Ամփոփելով խոսքը` ՀՀ վարչապետը գիտաժողովին մաղթել է արդյունավետ ընթացք։