
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանում կկազմակերպի համահայկական գործարար համաժողով, որին հրավիրվելու են մասնակցել Հայաստանում ապրող եւ մեծ ներդրում իրականացնող կամ իրականացրած գործարարները: Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համաժողովի անցկացմամբ նպատակ է դրվել պարզելու Հայաստանում գործունեություն ծավալելիս գործարարների առաջ ծառացող հիմնական խնդիրները եւ հնարավորին չափ աջակցել նրանց: Այդ նպատակով նախարարությունը մշակել է մի ձեռնարկ, որում վերլուծվել է Հայաստանի օրենսդրությունը: Այն օգտակար կլինի Հայաստանում ներդրում կատարող ցանկացած անձի: Ձեռնարկը հայերեն եւ անգլերեն լեզուներով արդեն պատրաստ է եւ շուտով կտպագրվի:
Այս տարի սփյուռքի նախարարությունն անցկացրել է 2 մասնագիտական համահայկական համաժողով` ճարտարապետների եւ իրավաբանների, որոնց հաջորդել է մասնագիտական ընկերակցությունների ստեղծումը: Դրանց համար նախարարությունը կառուցում է միասնական աշխատանքային միջավայր հանդիսացող ինտերնետային ցանցեր: Դրանց միջոցով աշխարհասփյուռ հայերն ազատ կարող են շփվել եւ համագործակցել միմյանց հետ: