
ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿՐՃԱՏՎԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ
Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կնվազեն Վրաստանի տարածքով Հայաստան եւ Հայաստանից բեռնափոխադրումների իրականացման տուրքերը, քանի որ Հայաստաի համար դեպի արտաքին աշխարհ այլընտրանքային ուղի կստեղծվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բեռնափոխադրումների իրականացման «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Նրա գնահատմամբ` սահմանի բացման դեպքում Վրաստանի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումները կկրճատվեն 20 տոկոսով, Հայաստանից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային փոխադրումները 50 տոկոսով կշրջանցեն Վրաստանը: Հայաստանը Վրաստանի համար կդառնա տարանցիկ ուղի դեպի Միջերկրական ծով, դա հատկապես դեպի Հնդկաստան եւ Չինաստան բեռներ ուղարկելու համար ավելի կարճ եւ ձեռնտու ճանապարհ կլինի, քան ներկայիս ճանապարհը, որը շրջանցում է Սեւ ծովը: «Գործող տրանսպորտային համակարգը տարածաշրջանային կտրվածքով էականորեն կփոխվի»,-կարծիք հայտնեց նա: