
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՆԱԽՇԻԿՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՄՀ ԵՎ ՀԲ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը ՀՀ պատվիրակության կազմում հոկտեմբերի 2-7-ը մասնակցելու են Ստամբուլում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2009 թ. տարեկան ժողովին:
ԿԲ նախագահը և Ֆինանսական վարչության պետը կմասնակցեն ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերի, ԱՄՀ տնօրենի տեղակալ Մուրիլյո Պորտուգալի, Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լե Հուերոյի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի բանկային դեպարտամենտի ղեկավար Վարել Ֆրիմանի, Հոլանդիայի ֆինանսների և զարգացման ու համագործակցության նախարարներ Վոուտեր Բոսի և Բերտ Կոենդերսի հետ:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առանձին հանդիպում է ունենալու HSBC բանկային խմբի ղեկավարության հետ:
ԿԲ ներկայացուցիչները մասնակցելու են «Կենտրոնական բանկերի գործունեությունը ճգնաժամից հետո` սահմանային փոփոխություններ կամ նոր մոտեցումներ» քննարկմանը, ինչպես նաև «Նորարարական զարգացում. Հարավ-Հարավ հնարավորությունը», «Ցածր եկամտով անդամ երկրներին աջակցելու ԱՄՀ ջանքերը» թեմաներով սեմինարներին: