
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԽԱՂԱՏՆԵՐԸ ԿՎՃԱՐԵՆ ՏԱՐԵԿԱՆ 400 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՐԿ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Լոռու մարզում տեղի ունեցած արտագնա նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին», «Պետական տուրքի մասին» , «Շահութահարկի մասին» ,«Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերին։ Օրենսդրական այս փաթեթն ուղղված է մեր երկրում խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգելուն, մի ոլորտ, որի վերաբերող որոշումները ՀՀ վարչապետի դիտարկմամբ հաճախ խեղաթյուրվում են։ Տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է այդ օբյեկտների համար, անկախ գործող սեղանների թվից, տարեկան հաստատագրված վճար գանձելուն։ Առաջարկվում է որ խաղատները վճարեն 400-ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները` 50-ական միլիոն։ Նշված օրինագծերը սահմանված կարգով ներկայացվելու են ՀՀ Ազգային ժողով։