
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ» ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Լոռու մարզում տեղի ունեցած արտագնա նիստի ընթացքում ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունն իր որոշմամբ Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել է զբոսաշրջության կենտրոն՝ անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն, հաստատել դրա զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարին վերապահվել է վեցամսյա ժամկետում ապահովել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը եւ կառավարություն ներկայացնելը։ Ծրագրի գերակա խնդիրներն են պատմամշակութային հուշարձանների վերականգնումը, Ախթալայի վանական համալիրի տարածքում զինագործության եւ միջնադարյան արվեստի թանգարանի հիմնադրումը, կենտրոնի ամբողջ տարածքում բարձրորակ ինտերնետ կապի ապահովումը, Օձուն գյուղի ուղղաթիռային հրապարակի կառուցումը, Դսեղ գյուղում հեքիաթների այգու ստեղծումը եւ շատ այլ միջոցառումներ։