ԲՐՅՈՒՍ ՈՒԻԼԻՍԸ ԿԴԱՌՆԱ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը (Bruce Willis) մտադիր է դառնալ ալկոհոլային խմիչքներ արտադրող սննկացած ֆրանսիական Belvedere ընկերության բաժնետեր և ընդգրկվել տնօրենների խորհրդի կազմում: Ֆրանսիական ընկերության տարածած հաղորդագրության համաձայն հոլիվուդյան դերասանը, որ 2009 թվականի ապրիլին ընտրվել է ընկերության կողմից արտադրվող Sobieski ապրանքանիշի լեհական օղու պաշտոնական ներկայացուցիչ, կարող է դառնալ նաև ընկերության բաժնետեր, սակայն թե ընկերության բաժնետոմսերի քանի տոկոսի սեփականատեր կդառնա Բրյուս Ուիլիսը, դեռևս չի հրապարակվում:
Ֆրանսիական Belvedere S.A. ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին: Այն արտադրում է Sobieski, Starogradzka, Danzka և մի շարք այլ հայտնի ապրանքային նշանների ալկոհոլային խմիչքներ: Ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում: