![ՀԻՄՆԱԴՐՎԵՑ «ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ](https://b24.am/pub/uploads/2009/10/b24_am_government_of_republic_of_armenia1_816107663.jpg)
ՀԻՄՆԱԴՐՎԵՑ «ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում օրենսդրության համապատասխան գործադիրը որոշել է հիմնադրել «Գյումրու տնտեսական զարգացման» հիմնադրամ, հաստատել դրա կանոնադրությունը։ Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է առավելագույնը երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը եւ ընկերության հիմնադրի` Հայաստանի Հանրապետության, օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը։ Հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը մշակելու եւ իրականացնելու է Գյումրու տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է նաեւ Գյումրիում եւ երկրի այլ վայրերում, այդ թվում` Մեղրիում ազատ տնտեսական գոտիների ստեղծման աշխատանքի արագացումը` ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարելով մինչեւ ընթացիկ ամսվա վերջը քննարկման ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։