ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ» ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության պատվիրակությանը` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության տնօրենների ժողովի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ Գալուստ Կյուլպենկյանի գործունեությունն ու վաստակը մեզանում գնահատված են, իսկ նրա բարեսիրական աշխատանքը վերածվել է ուսանելի օրինակի ու փորձառության։
Գործադիրի ղեկավարը կարեւորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու այն ներդրումը, որ «Գալուստ Գյուբենկյան» հիմնարկությունը բերում է հայապահպանության գործին ու հայագիտության զարգացմանը։ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է հիմնադրամի գործունեությամբ եւ Հայաստանի կողմից աջակցության ցուցաբերման հնարավորությամբ, ինչպես նաեւ հաստատության Հայաստանում ու Սփյուռքում իրականացվող ու նախատեսվող ծրագրերով։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հիմնադրամի ներկայացուցիչներին, որ վարչապետի նախաձեռնությամբ ու հանրային-մասնավոր հատվածի համագործակցությամբ ձեւավորված Ազգային մրցունակության խորհրդի ու հիմնադրամի միջեւ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության հնարավորություններ` մասնավորապես կրթական ծրագրերի իրականացման ոլորտում։ Այդ համատեքստում հյուրերին ներկայացվել են նաեւ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը, մասնավորապես աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին տրամադրվող աջակցության ծրագիրը։
ՀՀ վարչապետը վերահաստատել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության շնորհակալ գործունեության նկատմամբ կառավարության բարձր գնահատականն ու շեշտել է մասնավորապես վերջին 18 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանին տրամադրված օժանդակության փաստը։
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հիմնադրամի պատասխանատուների այցը նոր լիցք կհաղորդի փոխադարձ համագործակցության զարգացմանն ու հիմնադրամի հայանպաստ գործունեության շարունակականությանը։