ՀԱՐՅՈՒՐ ՔՍԱՆ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԲԱՄՈ ՀՈԼԴԻՆԳԻ ԿՈՂՄԻՑ
Ինչպես հայտնում է ԱՐՄԵՆՊՐԵՍՍ-ը Ռուսական հայտնի Բամո հոլդինգի նախագահ Մուրադ Մուրադյանը եւս արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` աշխարհասփյուռ հայությանը դիմած ուղերձին: Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Մուրադ Մուրադյանն իր հերթին կոչով դիմել է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին` ավելի եռանդուն լինել երկիրը շենացնելու գործընթացում: Մուրադ Մուրադյանի նամակում ասված Է. "ՙՄեծարգո պարոն Նախագահ, Ճիշտ է, մենք հայրենիքից հեռու ենք, բայց մեր մտքերը միշտ հայրենիքի հետ են, եւ մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանից եկող բոլոր լուրերին, հայրենիքի բոլոր կոչերին:
Սփյուռքին ուղղված Ձեր վերջին կոչը ինձ ոգեւորել է: Ես ընդունում եմ այն որպես անձամբ ինձ ուղղված խոսք: Թույլ տվեք հայտարարել իմ որոշման մասին: Ես պատրաստ եմ Հայաստանում կատարել 120 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում` քաղաքաշինության ոլորտում նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար: Համոզված եմ, որ ներդրումների ու գործարար նախաձեռնությունների ճանապարհով կարող ենք նպաստել պետության սոցիալական բեռի թեթեւացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ Հայաստանի տնտեսության առաջընթացին ու մրցունակության աճին:
Կցանկանայի այս առիթն օգտագործել կոչ անելու Սփյուռքի մեր հայրենակիցներին` լինել ավելի եռանդուն, երբ հարցը վերաբերում է Հայաստանին: Որքան էլ մենք փող շատ ունենանք միեւնույն է, առանց Հայրենիքի չենք կարող լիարժեք մարդ լինել: Սա ես գիտեմ հաստատ եւ սրանով պիտի առաջնորդվենք բոլորս":