ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԱՐՏԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնւոմ են, որ բանկի խորհուրդը հոկտեմբերի 20-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ տարածքում գործող բանկերի համար սահմանեց արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ, հաստատեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թ. չորրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագիր» նյութը:
Խորհուրդը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրեց «ՍԱՍ-ԳՐՈւՊ» ՍՊԸ թիվ 5 մասնաճյուղին, «ԿՐԵԴԻՏ-ԼԱՅՆ» ՍՊԸ-ն ստացավ գրավատան կազմակերպման լիցենզիա:
Գործունեության վայրի փոփոխության հետ կապված, վերաձևակերպվեց «Միլլ ԱԳ» ՓԲԸ փոխանակման կետի թիվ 480 լիցենզիան: Վերաձևակերպվեցին «ՅՈՒՆԻՌԵՍՈ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան` կապված ընկերության որպես «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ անվանափոխության հետ, և «ԿԱՐՏՈւՇ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ գրավատան լիցենզիան` կապված ընկերության որպես «ԿԱՐՏՈւՇ-ԱՐՏ» ՍՊԸ անվանափոխության հետ:
Խորհրդի կողմից ուժը կորցրած ճանաչվեց «ԻԶՄԻՐԼՅԱՆ ՈՒՎԿ» ՍՊԸ վարկային կազմակերպության թիվ 8 լիցենզիան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպության իրավունքների և պարտավորությունների մի մասը զիջվել է «Իզմիրլյան» հիմնադրամին, իսկ գերիշխող մասը` «ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին, որը և լինելով «ԻԶՄԻՐԼՅԱՆ ՈՒՎԿ» ՍՊԸ վարկային կազմակերպության ներկայիս միակ բաժնետերը, որոշել է լուծարել կազմակերպությունը:
ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 33-րդ հոդվածի 6-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի համար սահմանել արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ (այսուհետ` Նորմատիվ) վեց ամիս տևողությամբ:
2. Սահմանել, որ
1) Նորմատիվը բաղկացած է երկու տարրերից.
ա. յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն,
բ. բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն:
2) Նորմատիվի առավելագույն չափը սահմանվում է.
ա. յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև` 7 տոկոս,
բ. բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարի և բանկի ընդհանուր կապիտալի միջև` 10 տոկոս:
3) Նորմատիվը հաշվարկվում է օրական կտրվածքով և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:
4) Նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային դիրքը բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների (նաև հետհաշվեկշռային) միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և (կամ) արժութային զամբյուղի` դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, սույն որոշման իմաստով արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, մետաղական հաշիվները:
5) Բանկն ունի արտարժութային երկար դիրք, երբ բանկի արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդներին:
6) Այն դեպքում, երբ ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ ՍԴՌ-ի), տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:
7) Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով առանց դրանց գծով ածանցյալ գործիքների (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն):
3. Նորմատիվը գործողության մեջ դնել 2009 թվականի հոկտեմբերի 26-ից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործում է մինչև 2010 թվականի ապրիլի 26-ը` ներառյալ: