
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Արդեն հաջորդ ամիս կավարտվեն Կարս-Գյումրի երկաթգծի հատվածում գտնվող «Ախուրյան» կայարանի վերանորոգման աշխատանքները: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո պատրաստվում է թուրք գործընկերների հետ կազմակերպել քննարկում Կարս-Գյումրի երկաթգծի շահագործման նպատակով: Պետք է թուրքական կողմի հետ հաստատվի փոխհամագործակցություն` երկաթուղային կապ ստեղծելու նպատակով: Ըստ նրա` հայ-թուրքական սահմանի բացումը ընկերության առջեւ կբացի նոր ուղղություններ` դեպի Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային հանգույց: Բացի այդ, հնարավորություն կտա Հայաստանին դառնալ տարանցիկ երկիր այլ պետությունների երկաթուղային ընկերությունների համար: Ըստ նրա` նոր ողղությունների հաստատումն առաջին նախապայմանն է երկաթուղու զարգացման համար: