
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՒ ԶՎԱՐՃԱՆՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԲԱՑՎԻ 2010-Ի ՎԵՐՋԻՆ
2010 թ-ի վերջին Երեւանի Դալմայի այգիների տարածքում կբացվի Հայաստանում առեւտրի եւ զվարճանքի ամենամեծ կենտրոնը` «Dalma Garden Mall»-ը: Այն կլինի բազմաֆունկցիոնալ, երկհարկանի տարածք` 45 հազար քմ-ով: Կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել են 2008 թ-ին: Այն իր մեջ համախմբելու է մթերային հիպերմարկետներ, վաճառասրահներ, ռեստորաններ, արագ սննդի կետեր, բանկեր, տուրիստական գործակալություններ, շինանյութի խանութներ, կահույքի սրահներ, երեք սրահ ունեցող կինոթատրոն, ինչպես նաեւ ժամանցի գոտի երեխաների համար:
Այսօր այդ կառույցի նախագծման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հույս հայտնեց, որ այդպիսի ներդրումները կշատանան, քանի որ այս նախաձեռնություննները ոչ միայն կատալիզատորի դեր են կատարում Հայաստան շինարարական ընկերություններ բերելու համար, այլեւ միաժամանակ նպաստում են օտարերկրյա հայտնի ֆիրմային անունների` Հայաստան ներկրմանը:
«Dalma Garden Mall» նախագծի ղեկավար Ալեքսանդր Հարությունյանի խոսքով` կառույցի լուսավորության համար օգտագործվելու են աշխարհի լավագույն բրենդների սարքավորումները, տեղադրվելու են անվտանգության համակարգեր: Նախագծի խորհրդատուները Ռուսաստանից հրավիրված Կիրա եւ Ռուբեն Կանայաններն են, որոնք հեղինակ են կենտրոնի կոնցեպցիայի, տարածքային բաժանման հատակագծի, մարքեթինգային փաթեթի եւ գովազդային քաղաքականության: