
ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսական շուկայում ձևավորված բանկային տոկոսադրույքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում վարկերի դիմաց առևտրային բանկերի կողմից սահմանված միջին տոկոսադրույքը կազմել է 18,35%: Այս ցուցանիշը օգոստոսին սահմանված վարկային տոկոսադրույքների համեմատությամբ կրճատվել է 0,24 տոկոսային կետով:
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ վարկերի դիմաց առևտրային բանկերի կողմից սահմանված միջին տոկոսադրույքը կազմել էր 19,22%, իսկ երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ` 18,64%:
Հրապարակած տվյալների համաձայն ավանդների դիմաց բանկերի կողմից սահմանված միջին տոոկոսադրույքը սեպտեմբեր ամսվա արդյունքներով կազմել է 8,34%, ընդ որում այս ցուցանիշն ընթացիկ տարում եռամսյակային կտրվածքով ամենացածր է: 2009 թվականի առաջին եռամսյակում ավանդների միջին տոկոսադրույքը կազմել էր 9,64%, իսկ երկրորդ եռամսյակում` 9,48%: