ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԱԺ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովում այսօր ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը գումարել է 17-րդ նիստը, որի քննարկման հիմնական թեման տրանսպորտային համագործակցության զարգացման հարցն է: Շոշափվող հիմնական թեմաները վերաբերում են Աբխազական երկաթուղու հնարավոր գործարկման, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման դեպքում տրանսպորտային հաղորդակցության հեռանկարներին:
Մոսկվայում մարտին միջխորհրդարանական համագործակցության 16-րդ նիստի արդյունքում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը նախորդ ամիսներին աշխատել է « Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարության հետ եւ ուսումնասիրել է տրանսպորտային համագործակցության ու փոխադրումների հարցը, որն այսօր ներկայացվում է հանձնաժողովին:
Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ փորձ է արվում հստակեցնել համագործակցության հիմնական խնդիրները:
Նիստի արդյունքում կընդունվի եզրափակիչ արձանագրություն: Հանձնաժողովի հաջորդ` 18-րդ, նիստը կկայանա 2010թ-ի մարտին Մոսկվայում: