ՈՐՏԵ՞Ղ Է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ներքին գործերի նախարարությունը գլխավորած, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հետախուզումը շարունակվում է, եւ նրան գտնելու ուղղությամբ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ: Այսօր նման հայտարարություն է արել Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ Սիրադեղյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզման մասին տեղեկացված են Ինտերպոլին անդամակցող բոլոր երկրների համապատասխան ծառայությունները:
Վանո Սիրադեղյանի նկարն այն 12 մարդկանց լուսանկարների մեջ է, որոնց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Այդ լուսանկարները տեղադրված են Ինտերպոլի բաց վեբ-կայքում:
Նրա հանդեպ հետախուզման այսքան երկար տարիների ընթացքում գուցե ոստիկանության աշխատակիցներն էլ են արդեն մոռացել նրա դեմքը, եւ փողոցով նրա կողքով անցնելիս գուցե չճանաչեն էլ…