ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ 9 ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԴՐԱՄԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ 280 ԴԵՊՔ
Ընթացիկ տարվա ինն ամիսներին Հայաստանում արձանագրվել է դրամանենգության 280 դեպք` 2008 թ. նույն ժամանակահատվածի 59-ի դիմաց: Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, դրամանենգության միայն 218 դեպք գրանցվել է Երեւանում:
Դրամանենգության դեպքերով հայտնաբերվել է տարբեր արժողության 193 կեղծ թղթադրամ` 485 հազար դրամ ընդհանուր գումարով եւ տարբեր արժողությամբ 875 կեղծ մետաղադրամ` 304 հազար 700 դրամ ընդհանուր գումարով: Կեղծված փողերի գերակշիռ մասը հազար դրամ արժողությամբ թղթադրամներ եւ 500 կամ 200 դրամ արժողությամբ մետաղադրամներ են:
Հայտնաբերված կեղծ թղթադրամները հիմնականում պատրաստվել են համակարգչային գունավոր շիթային տպիչով, իսկ մետաղադրամները՝ դրոշմման եղանակով: