ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումեր կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը:
Նա նշեց, որ Եվրոպական սոցիալական խարտիան երաշխավորում է առողջության պաշտպանության իրավունքը` սահմանելով նշված իրավունքի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք դրական պարտավորություններ: Ըստ խարտիայի` բոլոր աշխատողները եւ նրանց խնամքի տակ գտնվող անձինք ունեն սոցիալական ապահովագրության իրավունք: Պետությունները ստանձնելով խարտիայի իրականացման պատասխանատվությունը` պետք է ապահովեն այն` օրենքով ամրագրված սոցիալական ապահովագրության համակարգի գործունեության միջոցով: Սոցիալական ապահովագրության համակարգը, ըստ խարտիայի պահանջների, պետք է ընդգրկի ավանդական ռիսկերը` առողջապահությունը, ժամանակավոր անաշխատունակությունը, գործազրկությունը, ծերությունը, աշխատանքի ընթացքում ստացված մարմնական վնասվածքները, ընտանիքը եւ մայրությունը:
Համակարգը պետք է ֆինանսավորվի համատեղ, այսինքն` գործատուների եւ աշխատողների վճարների եւ/կամ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պարոն Բաբլոյանի գնահատմամբ` մարդկային ռեսուրսները կազմակերպությունների բոլոր ռեսուրսների կարեւորագույն մասն են: Մի կողմից աշխատողները սոցիալական պետության անդամ են, եւ իրենց եկամուտներից պետք է եկամտահարկ վճարեն եւ դրանով մասնակից դառնան պետական բյուջեի ձեւավորմանը եւ սոցիալական ծրագրերի իրականացմանը, մյուս կողմից նրանք հանդիսանում են կազմակերպության համար աշխատուժ, որի միջոցով կազմակերպությունը հասնում է իր նպատակներին եւ ստանում է արդյունք: Եթե ըստ գործող օրենսդրական դաշտի` կազմակերպությունների այլ ռեսուրսների պահպանման համար (օրինակ ավտոմեքենա, սարքավորումներ եւ այլն) իրականացվող ծախսերը չեն հարկվում, ապա այն ծախսերը, որոնք ուղղվում են աշխատակիցների առողջության ապահովագրությանը, համարվում են եկամուտ եւ ենթարկվում են հարկման:
Հարկավոր է վերանայել մարդկային ռեսուրսների առողջության պահպանմանը ուղղվող ծախսերի (այս դեպքում` առողջության ապահովագրավճարների) նկատմամբ մոտեցումները, որն իր հերթին նպաստող պայմաններ կստեղծի Հայաստանում առողջության կամավոր ապահովագրության զարգացման խթանման համար:
Սույն մեխանիզմը թույլ կտա նաեւ նվազեցնել առողջապահության ոլորտի ոչ պաշտոնական վճարները եւ բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը:
Պարոն Բաբլոյանը նշեց նաեւ, որ ՀՀ կառավարությունը իրեն տեղյակ է պահել, որ պատրաստվում է շրջանառության մեջ դնել համանման մի նախագիծ եւ առաջարկում է համատեղ ներկայացնել այն:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար քվեարկել այս նախագիծը, իսկ երբ ՀՀ կառավարությունը իր նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ կդնի, հեղինակները կարող են հանդես գալ դրանք համատեղ ներկայացնելու նախաձեռնությամբ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է կարգավորել հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու հարաբերությունները, տեղեկություններ ներկայացնող անձանց շրջանակը, ներկայացվող տեղեկությունների բովանդակությունը:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, ինչը հնարավորություն է ստեղծում, որ հարկային եւ մաքսային մարմինները իրավասու լինեն տրամադրել օրենսդրության կիրառման վերաբերյալ պարզաբանումներ, եւ ապահովել հարկ վճարողների իրազեկվածության եւ օրենսդրության կիրառման միասնականության բարձր մակարդակը` հարկային եւ մաքսային օրենսդրությունների դրույթների մեկնաբանման մատչելի եւ պարզ ընթացակարգերի սահմանման միջոցով:
Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի գործունեության ծրագրին եւ երկրորդ ընթերցման ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ 2010-2012 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագծերի վերաբերյալ:
Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մինչեւ 15 օրով հետաձգեց մի շարք օրինագծերի քննարկումը:
Հանձնաժողովը ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի ներկայացրած «Եկամտահարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն չտվեց: