ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ. ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ Է ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Այսօր տեղի ունեցած Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է հարկային եւ մաքսային մարմիններին հնարավորություն տալ քաղաքացիներին տրամադրելու օրենսդրության կիրառման վերաբերյալ պարզաբանումներ եւ դրանով ապահովել հարկատուների իրազեկվածության եւ օրենսդրության կիրառման միասնականության բարձր մակարդակը: Ինչպես նշեց Արմեն Ալավերդյանը, հարկատուներն իրենց հարցերը կարող են ուղղել գրավոր եւ բանավոր, ինչպես նաեւ` հեռախոսազանգերի միջոցով:
Օրինագծի վերաբերյալ ԱԺ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հերմինե Նաղդալյանը, նշելով, որ փոփոխությունը հատկապես օգտակար կարող է լինել փոքր բիզնեսով զբաղվողների համար: