
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՏԵՂԾՎԻ, ԴՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 207-րդ կետը, որը վերաբերում էր զարգացման ֆինանսական կազմակերպության ստեղծմանը։ Նման կազմակերպություն ստեղծելու ծրագիրը դադարել է արդիական խնդիր լինելուց, քանի որ այժմ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն զբաղված է Համահայկական բանկի ստեղծման ընթացիկ աշխատանքով (հիշյալ կառույցը ներառելու է նաեւ զարգացման ֆինանսական կազմակերպությանը բնորոշ մի շարք գործառույթներ)։ Նույն հիմնավորմամբ եւ մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2008թ. դեկտեմբերի 4-ի N 49 որոշման մեջ։