ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ ՎԶԵԲ-Ի ՀԵՏ
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պատվիրակությունը քննարկել են Երեւանի քաղաքային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարը: Կողմերը համագործակցելու են մետրոյի, տրոլեյբուսների պարկի զարգացման ծրագրերի, վճարովի կայանատեղերի, աղբավայրերի հարցերի շուրջ: ՎԶԵԲ-ը տրամադրելու է խորհրդատվական աջակցություն եւ վարկային միջոցներ:
Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՎԶԵԲ-ի Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը նշել է, որ հաջող բանակցությունները տրամադրում են արագ սկսել ծրագրերի իրականացումը, որոնց վերաբերյալ փաստաթուղթը, նախնական պայմանավորվածությամբ, կստորագրվի հունվարին:
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն առաջարկել է սկսել փոքրածավալ ծրագրերից, որպեսզի մեծածավալ ներդրումները ծախսվեն առավել նպատակային:
Ծրագրերն ու դրանք ներառող ոլորտները կարգավորող օրենսդրական փաստաթղթերը համատեղ կքննարկեն կողմերի փորձագետները եւ կզեկուցեն բոլոր առաջարկները: