ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ԿԿԱՀԱՎՈՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԵԱԿՏՈՐՆԵՐՈՎ
Հայաստանում կառուցվելիք նոր ատոմային էներգաբլոկը կկահավորվի ռուսական ռեակտորներով: Դա էներգաբլոկի կառուցման օպերատոր «Warley parsons» ընկերությունն իր ուսումնասիրությունների արդյունքում գնահատել է որպես լավագույն հագեցման տարբերակ: Ռուսական կողմն արդեն ցանկություն է հայտնել մասնակցություն ունենալ նոր ատոմային բլոկի կառուցմանը: Կառուցման համար ներդրողները հնարավոր է ընտրվեն մրցութային կարգով: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով` Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության հետ համատեղ ստեղծվելու է փակ բաժնետիրական ընկերություն: