
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը: Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԶԲ Երեւան քաղաքի տրանսպորտի ծրագրի խմբի ղեկավար Առնո Դաուֆին տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ծրագրերը հունիսին կներկայացվեն բանկի խորհրդի հաստատմանը: Այդ ծրագրերով նախատեսված է կառուցել երեք ճանապարհային հանգույց` Արգավանդի խաչմերուկը Շիրակի փողոցին կապող հատվածը` 1,5 կմ երկարությամբ, Շիրակի փողոցը Արտաշատի խճուղուն կապող հատվածը` 2,8 կմ, եւ Դավթաշենի կամրջից դեպի Աշտարակի խճուղի` 3,1 կմ:
Նախատեսված է նաեւ ստորգետնյա շինարարություն` հետիոտնի անցում Սայաթ-Նովայի պողոտայից դեպի մետրոյի «Երիտասարդական» կայարան: Կողմերը քննարկել են ֆինանսավորման ընթացակարգն արագացնելու հնարավորությունը, ծրագրերի իրականացման նախապատրաստական հարցեր, ինչպես նաեւ հետագա համագործակցության նախնական ուղղվածությունը: