
11 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 28,5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը կազմել է 1302.8 մլրդ դրամ կամ 3570.8 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 228.7 մլրդ դրամ (624.0 մլն դոլար) և ներմուծումը 1074.1մլրդ դրամ (2946.8 մլն դոլար):
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 28,5%-ով, ընդ որում այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատությամբ գրանցվել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալի շուրջ 15,5% աճ:
Նշենք նաև, որ 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալները կրճատվել են 37,4%-ով, իսկ ներմուծման ծավալները` 26,3%-ով:
Նոյեմբերին ամսական կտրվածքով գրանցվել է ՀՀ արտահանման ծավալների 2,3% և ներմուծման ծավալների 18,5% աճ: