
ՀՀ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 1.1%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալի ամփոփ ցուցանիշներ` ըստ ընդհանուր օգտագործման տրանսպորտի առանձին տեսակների:
Այսպես, 2009թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը 2008թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ աճել է 1.1 %-ով և կազմել 227053.6 հազար մարդ, ընդ որում երկաթուղային ուղևորափոխադրումների ծավալն այս ժամանակահատվածում աճել է 52.7%-ով, ավտոմոբիլային ուղևորափոխադրումների ծավալը` 0.7%-ով, իսկ օդային ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել է 2.6%-ով:
2009թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառության ծավալը 2008թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ նվազել է 3.1 %-ով և կազմել 3466.5 մլն ուղևոր/կմ:
Նշենք նաև, որ տաքսիների իրականացրած ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 2009 թվականի 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ աճել է 14.3%-ով և կազմել 15334.3 հազար մարդ: