ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 35%-ՈՎ
Մեկ տարվա ընթացքում հանրապետությունում ոսկերչական ապրանքները թանկացել են ավելի քան 35%-ով, իսկ վերջին չորս տարիներին ոսկերչական ապրանքների գները գրեթե կրկնապատկվել են:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2009 թվականի դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ-ում ոսկերչական ապրանքների գներն աճել են 3.3%-ով, իսկ հաշվետու ամսվա ընթացքում 2008 թվականի նույն ամսվա համեմատությամբ ոսկերչական ապրանքների շուկայում գներն աճել են 35.2%-ով:
2005 թվականի համեմատությամբ անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա արդյունքներով ոսկերչական ապրանքների գները ՀՀ-ում աճել են 87.5%-ով, իսկ 2009 թվականի 12 ամիսների ընթացքում ոսկերչական ապրանքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 14.5%-ով:
Նշենք նաև, որ 2009 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ ոսկերչական ապրանքների գների առավել բարձր աճ գրանցվել է Վաղարշապատում ` շուրջ 10.4%: Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքում ոսկերչական ապրանքների գներն աճել են 3.3%: