ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ 0.5 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ` ՄԻՆՉԵՎ 5.5%
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010 թ. հունվարի 20-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով` սահմանելով այն 5.50%:
2009 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ուժգնանում են` պայմանավորվելով հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը ևս շարունակում են ավելացնել ընդհանուր գնաճային ֆոնը:
Խորհուրդը գտնում է, որ գնաճի նշված միտումների շարունակման և տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաև կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարևորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը: