ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 23.4%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների ամփոփ ցուցանիշներ, որոնց համաձայն նախորդ տարվա ընթացքում 2008 թվականի համեմատությամբ արձանագրվել է գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով արտահանման և ներմուծման ծավալների զգալի անկում:
Հաշվետու ամիսների ընթացքում միջազգային հումքային շուկաներում գների անկմամբ պայմանավորված ՀՀ հանքահումքային արտադրանքի արտահանումը կրճատվել է 23.4%-ով: 2009 թվականի ընթացքում արտահանվել է 132.1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:Այս նույն ժամանակահատվածում հանքահումքային արտադրանքի ներմուծման ոլորտում նույնպես գրանցվել է անկում` շուրջ 23%-ով, իսկ ներմուծված հանքահումքային արտադրանքի համախառն ծավալը կազմել է 511.9 մլն դոլար:
Նշենք նաև, որ 2009 թվականի 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալները կրճատվել են 34%-ով՝ կազմելով 697.7 մլն դոլար, իսկ ներմուծումն, ըստ ապրանքի ծագման երկրի, կրճատվել է 25.6%-ով՝ կազմելով 3304.1 մլն դոլար: