ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը փետրվարի 17-ին ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:
Նախարարը ողջունելով նորանշանակ դեսպանին տեղեկացրեց, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ ձեւավորվել են գործընկերային հարաբերություններ, եւ վերջիններս սերտորեն համագործակցում են մի շարք համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման հարցերում:
Դեսպան Վ.Կովալենկոն կարեւորելով երկու երկրների տարբեր մարզերի միջեւ համագործակցությունը` անհրաժեշտ համարեց մեծացնել համատեղ հետաքրքրությունների շրջանակը` շեշտը դնելով փոքր բիզնեսի զարգացմանը:
Վ.Կովալենկոն հետաքրքրվեց նաեւ Հայաստանում ֆիլատելիայի զարգացմամբ, ինչպես նաեւ նոր նամականիշերի թողարկմամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցեր: