ԱՄՀ-Ն ԱՆՑՆՈՒՄ Է ԻՐ ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՎԱՃԱՌՔԻՆ
Արժույթի Միջազգային Հիմնադրամն (ԱՄՀ) անցնում է իր ոսկու պաշարների շուկայական վաճառքին: Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ, սակայն, դեռևս չի պարզաբանվում ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) դեռևս անցյալ տարի հաստատել էր իր ոսկու պահուստների որոշ մասի վաճառման ծրագիրը: Վաշինգտոնում կայացած ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստի շրջանակներում որոշում էր ընդունվել, որ միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունն իր ոսկու պահուստներից կվաճառի շուրջ 403.3 տոննա ոսկի, ընդ որում համաշխարհային շուկայում ոսկու գների տատանումից խուսափելու նպատակով ԱՄՀ-ն մտադիր է այս գործընթացն իրականացնել աստիճանաբար:
Այսպիսով, առաջին փուլի շրջանակներում ԱՄՀ վաճառել էր 212 տոննա ոսկի Հնդկաստանի, Մավրիկիայի և Շրի Լանկայի կենտրոնական բանկերին:
Նշենք, որ ոսկու պահուստների վաճառքի արդյունքում ներգրավված միջոցներով ԱՄՀ մտադիր է ֆինանսավորել աղքատ երկրներում իրականացվող տնտեսական ծրագրերը: