ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 16/03/10
Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն և լրացում կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Տնտեսության դոլարացման դեմ պայքարի շրջանակներում կատարված այս փոփոխությունների արդյունքում 2010 թ. ապրիլի 14-ից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվելու է մասամբ ՀՀ դրամով: Մասնավորապես` արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը, որը կազմում է ներգրավված միջոցների 12 տոկոսը, այսուհետև 3%-ով իրականացվելու է ՀՀ դրամով, իսկ 9%-ը` արտարժույթով:
Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգում ու պայմաններում» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կանոնադրությունում»:
Խորհրդի որոշմամբ վերաձևակերպվեց «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» ՍՊԸ-ի գրավատան լիցենզիան, ուժը կորցրած ճանաչվեց «ՍԵՅՋ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 655 լիցենզիան` իր դիմումի համաձայն: