ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՍՏԻՎ ԿՊԱՏԺՎԵՆ»
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած կառավարության նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. «Այսօր առավոտյան ինձ մոտ խորհրդակցություն էր Վերահսկիչ պալատի նախագահի հետ։ Մասնավորապես քննարկեցինք վերջին նյութերը, որոնք վերաբերում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի ու կրթության եւ գիտության նախարարություններին։ Բոլոր նախարարները տեղյակ են, որ մենք ունենք հանրապետության նախագահի հստակ հանձնարարականը։ Առաջին փուլում հանրապետության նախագահը խիստ զգուշացում արեց խախտում եւ թերություն թույլ տված բոլոր գերատեսչությունների ղեկավարներին։ Այսուհետեւ սկսվում է երկրորդ փուլը, երբ դրան հաջորդելու են խիստ պատիժները։ Ուստի երկու նախարարներին հանձնարարվում է ներկայացնել բացահայտված խախտումների վերացման միջոցառումների հստակ ժամանակացույց։ Միեւնույն ժամանակ Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումների եւ խախտումների հետեւանքները վերացնելու վերաբերյալ նախորդ փուլում տրված էին հանձնարարականներ։ Այս պահի դրությամբ պարոն Զաքարյանը ինձ ներկայացրել է տեղեկանք, որ միայն 2009-ի համար արդեն ունենք շուրջ մեկ ու կես միլիարդ դրամ փաստացի վերականգնված գումար։ Այս ցուցանիշը մեզ չի բավարարում այն պարզ պատճառով, որ բացահայտված խախտումների ցուցանիշը ավելի բարձր էր։
Երկրորդ հանձնարարականը տրվում է այն բոլոր նախարարություններին, որոնց վերաբերյալ 2009 թ. պաշտոնական տեղեկատվություն կա Վերահսկիչ պալատի կողմից` վարչապետին ներկայացնել տեղեկանքներ, թե ինչպես են վերացվում բացահայտված թերությունները, ինչ փուլում են գտնվում աշխատանքները, որպեսզի մնացած բոլոր գումարները նույնպես վերակագնվեն մեկ շաբաթվա ընթացքում»։