
«ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը քննության է առել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Շքեղության հարկի ներդրման հիմնական նպատակը պետք է լինի բնակչության համեմատաբար հարուստ խավից լրացուցիչ հարկ հավաքելը։ Սակայն ՀՀ ֆիզիկական անձանց համար արդեն իսկ սահմանված են եկամտային եւ գույքային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափեր։ Այս եւ մի քանի այլ հանգամանքներ հաշվի առնելով կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծերի փաթեթի ընդունմանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԱԺ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը իրոք մտահոգիչ է եւ լուծման կարոտ, սակայն ընդունելի չէ նրա առաջարկած տարբերակը։ Պատգամավորը եւ կառավարությունը համատեղ քննարկման արդյունքում կարող են գտնել հարցի արդարացի լուծումը։