ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» 6-ՐԴ մԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓՈՌԱՏՈՆ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, արդեն հինգերորդ անգամ ստանձնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնի գլխավոր հովանավորությունը:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը Հայաստանի մշակութային կյանքի ամենանշանավոր իրադարձություններից է: Փառատոնը եզակի իրադարձություն է, որտեղ դասական երաժշտությունը կատարվում է միջնադարյան արվեստի ոգեշնչող մթնոլորտում` Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: Որպես փառատոնի գլխավոր հովանավոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 12 միլիոն դրամ է տրամադրել փառատոնի կազմակերպման համար:
Մշակույթն ընդունելով որպես իր գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է ավանդույթների, սովորույթների, պարարվեստի, երաժշտության, երգարվեստի, թատրոնի և ընդհանրապես ազգային ինքնության և հպարտության հիմքում ընկած արժեքների պահպանմանն ուղղված ծրագրերին:
«Որպես հայ` ազգային դարավոր մշակույթի կրող, մենք ձգտում ենք ապրել նախնիներից ստացած ժառանգությունը աչքի լույսի պես փայփայելու և դրա անկրկնելի գեղեցկությունն աշխարհին ներկայացնելու վճռականությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնին մաղթում եմ հաջող ընթացք, և հաստատում եմ, որ մեր ընկերությունը հպարտ է աջակցել այս փայլուն նախաձեռնությանը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանը:
Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահը կհյուրընկալի այնպիսի հանրահայտ նվագախմբերի և երաժիշտների, ինչպիսիք են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան/, «Դոմինատուս Վոքս» նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նատալի Գալստյան/, ՀՀ ժողովրդական արտիստուհի, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, «Կլարիպիանո» դուետը /Սլովենիա/, ջութակահար Հյուգո Տիչիատին /Շվեդիա/, դաշնակահար Եվգենի Միխայլովը /Ռուսաստան/ և այլոք:
«Մենք առաջնորդում ենք օրինակով և մենք հավատում ենք մեր ազգի ներուժին»,- ավարտելով իր խոսքն` ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Այս գաղափարին հավատարիմ` ընկերությունն աջակցում է բազմաթիվ մշակութային նախաձեռնությունների, որոնց թվում` «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն է, Վերադարձի փառատոնը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը, Բաց երաժշտության փառատոնը, Գարի Քյոսայան ջազային քառյակը, «Սպարտակ» բալետի բեմադրությունը և այլ նախաձեռնություններ: Բացի այդ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի և լեգենդար ռոք-երաժիշտ Իէն Գիլանի հայաստանյան երկրպագուները եզակի հնարավորություն ունեցան ունկնդրելու նրանց ելույթները Հայաստանի լավագույն բեմահարթակներից:
Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru: