ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամի շենքի բացման արարողությանը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։ Նա նշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհաստատվեն հիմնադրամի ծրագրերը, որոնք աջակցելու են երիտասարդներին հուզող խնդիրների լուծմանը։ Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնելու է ՀՀ նախագահի կողմից երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում եւ վարչապետի աջակցությամբ` տնտեսության, կրթության, սպորտի, մշակույթի եւ այլ բնագավառներում։ Պետական բյուջեից այս տարի կենտրոնի ծրագրերի իրականացման համար կտրամադրվի 35 մլն դրամ։
Վարչապետը շրջել է մասնաշենքում ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։
Այնուհետեւ տեղի է ունեցել վարչապետի հանդիպումը տարբեր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների հետ։ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ եւ պատասխանել ուսանողների հարցերին։