ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏԻՆ
Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի քաղաքում երեկ մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի քննարկման թեմաներ են նախանշված Արեւելյան գործընկերության մարտահրավերներն ու հեռանկարները, 2020 թվականին Եվրոպայի ռազմավարությունը, հանցավորության դեմ պայքարը, փողերի լվացումն, ինչպես նաեւ աշխատատեղերի ստեղծմանն առնչվող հարցեր։ «Արեւելյան գործընկերություն. Եվրոպական մայրցամաքի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով նիստը տեղի կունենա բացման ելույթներից հետո։
Հավաքին մասնակցում են Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարները, եվրոպական երկրների եւ, մասնավորապես, Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ազդեցիկ դեմքեր։
ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանի մասնակցությունն այս հավաքին ողջունել է ԵԺԿ խմբի նախագահ Ջոզեֆ Դաուլը։ Նա նշել է, որ ԵԺԿ խումբը սատարում է Արեւելյան գործընկերների հետ համագործակցությունը, որը հիմնված է ոչ միայն գործարար շփումների, այլ նաեւ ժողովրդավարության, ազատության, օրենքի գերակայության ամրապնդման, կրթության եւ մշակույթի ոլորտների փոխգործակցության վրա։
Նիստի ընթացքում նախատեսված են վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Չեխիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Սիրիլ Սվոբոդայի ելույթները, որոնց հաջորդելու են քննարկումներ։ Դրանց կմասնակցի Եվրոպական խորհրդարանի նախագահ Ջերզի Բուզեկը։
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը բավական ազդեցիկ ուժ է։ Այն հիմնադրվել է 1976 թվականին, կենտրոնակայանը` Բրյուսել։ Եվրոպայի խոշորագույն այս կուսակցությունը բնորոշվում է որպես կենտրոնամետ-աջակողմյան ուղղություն։ ԵԺԿ-ի անդամ է 39 երկրի 72 կուսակցություն։
Այսօր այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունենալու Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի հետ։