Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին
24/09/2020 16:04
Կիսվել

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք` երեկ ունեցել ենք 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից: Ինչի՞ հետ է կապված: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժունակության ավելացման հետ: Եվ ինչպե՞ս ենք մենք այս իրավիճակին վերաբերում: Մեր դիրքորոշումը շարունակվում է մնալ նույնը, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ, և այստեղ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից: Իհարկե, նաև վարչական մեթոդներ պետք է շատ խստորեն կիրառել, և պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:

Բայց, մյուս կողմից, պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր՝ կարմիր գիծն այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն: Այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել: Իհարկե, հուլիսին մենք ծավալել էինք հիվանդանոցային շատ մեծ կարողություններ: Հիմա այդ կարողությունների մեծ մասն արդեն վերադարձել են իրենց նախկին բնականոն վիճակին, բայց նաև պատրաստ են ցանկացած պահի ետ վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը: Պարոն Թորոսյան, այս պահի դրությամբ դեռևս նոր ծավալման կարիք չունենք, բայց եթե իրադարձությունները զարգանան այսպես, շատ հնարավոր է, որ նորից այդ նույն խնդրի առաջ կանգնենք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Այո, պարոն վարչապետ: Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես ծավալած 1230 սովորական և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտավորապես 30 տոկոսը դեռևս մնում է ազատ, այսինքն՝ ազատ մահճակալներ շատ կան: Ընդհանրապես մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է միայն դրա համար նախատեսված 5 հիվանդանոց և ևս 3-ը նեղ մասնագիտացված՝ շատ փոքր թվերով, երեխաների, նորածինների և հղիների համար: Սակայն, ինչպես Դուք նշեցիք, այո, և, ի սկզբանե էր այդպես պլանավորված, ցանկացած պահի կամ 1-2 օրվա մեջ, երբ իրավիճակը կրկին կտրուկ կսրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը, որը ցանկանում եմ հիշեցնել՝ մոտավորապես 2700-2800 սովորական մահճակալ էր և 300 վերակենդանացման, նորից կարող է գործի անցնել:

Իհարկե, մեր բոլորիս՝ կառավարության, գերատեսչությունների և մեր ազգաբնակչության գործողությունները պետք է միտված լինեն դա թույլ չտալու, ինչպես նախկինում: Եվ ցանկանում եմ ևս մեկ փաստ հնչեցնել. հիշում եք՝ մենք ասում էինք, որ մեզ մոտ այդ պահին եղած հիվանդների ամենաբարձր թիվը հուլիսի 6-ի շրջանում էր: Հիմա փաստացի այնպես է ստացվել, որ ամենացածր թիվն էլ մեզ մոտ եղել է սեպտեմբերի 11-ին, և սեպտեմբերի 11-ից մինչ օրս արդեն աճում է: Այսօրվա թիվը, իհարկե, կտրուկ տարբերվում է նախորդ օրերի աճից, սակայն տենդենցն սկսվել է սեպտեմբերի 11-ից, նոր չէ, և այո, պայմանավորված է թե՛ շարժունակության մեծացմամբ, թե՛ համաճարակային կանոնները պահելու կարգապահությամբ: Ինչպես մենք միշտ նշում ենք, միայն կանոնն ինքնին կարևոր է, իհարկե, բայց կարգապահությունն առավել կարևոր է: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբանության և ռազմավարության շրջանակում մենք պետք է շարունակենք կրել դիմակներն այնտեղ, որտեղ հնարավոր է, այսինքն՝ գրեթե ամենուր, բացառությամբ սնվելու պահերին, պահել սոցիալական հեռավորությունը և հաճախ լվանալ ձեռքերը:

Ցանկանում եմ նաև հնչեցնել, որ, իհարկե, կան գործոններ, որոնք մի փոքր դժվար են կառավարվում, օրինակ՝ հասարակական տրանսպորտում խիտ երթևեկությունը, որը տարածման ուղիղ ռիսկի գործոն է, դպրոցների բացումը, որն, իհարկե, մենք փորձել ենք հնարավորինս մեղմել՝ նոր կանոններ դնելով, բայց անխուսափելիորեն կարող է բերել: Այս թվերը մենք դեռևս չենք պայմանավորում դպրոցներով, դեռևս, որովհետև դպրոցները բացվել են 10 օր առաջ: Բայց եթե մոտակա մեկ շաբաթվա մեջ կտրուկ, սրանից էլ ավելի աճ լինի, արդեն կապելու ենք դպրոցների հետ, և խոսքը միայն դպրոցի ներսում եղած փոխանցման մասին չէ: Դպրոցները և ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից են՝ աշխատանք և ուսում, ինչը փաստացի չկար երկար ժամանակ, և դա մենք ավելացրել ենք՝ իհարկե, գնահատելով ռիսկերը: Ու պետք է իրավիճակին հետևելով, այո, ինչպես նշեցիք, թույլ չտանք հասնել կարմիր գծերին, բայց անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշումներ կայացնենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ընդհանուր առմամբ, ես շարունակում եմ, ճիշտն ասած, մնալ նույն տեսակետին, որ, ըստ էության, այս պատմության ավարտին բոլոր երկրներն էլ մոտավորապես նույն իրավիճակում են լինելու՝ պլյուս-մինուս մի քիչ: Իհարկե, բացառությամբ այն երկրների, ովքեր այնքան ռեսուրս կունենան, որ մինչև պատվաստանյութի ստեղծումը կունենան խիստ սահմանափակումներ պահելու ռեսուրս: Եվ զարգացումները դա են ցույց տալիս: Ըստ էության, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Սա շատ կարևոր հանգամանք է:

Եվ կա ևս մեկ գործոն, որը չեմ կարող չնշել. Հայաստանի կառավարությունը՝ կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է, այսինքն՝ մենք որևէ թիվ այս ընթացքում չենք փոխել ընդհանրապես: Այն, ինչ գիտենք մենք, գիտի Հայաստանի հանրությունը և ամբողջ աշխարհը՝ այն տարբերությամբ, որ կարող է մենք մի քանի ժամ ավելի շուտ գիտենք, քան մյուսները:

Շարունակելով թեման՝ կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ, և այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը: Պարոն Խաչատրյան, խնդրում եմ, ևս մեկ անգամ համառոտ ներկայացրեք ծրագիրը, որպեսզի շահառուներին ճշգրտենք և թյուրիմացություններ չլինեն, որովհետև մարդիկ, լսելով տրանպորտ, տպավորություն են ստանում, թե դա ընդհանրական տրանսպորտային ծրագիր է, բայց այս ծրագիրը մի փոքր այլ է: Խնդրում եմ, ներկայացրեք:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան – Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ: Պարոն վարչապետ, ինչպես Դուք նշեցիք, մեր 25-րդ միջոցառման շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019թ. ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք հենց տուրիզմի ոլորտում են գործում: Այսինքն՝ եթե 2019թ. ընթացքում տրանսպորտային ընկերության մատուցած ծառայություններն առավելապես ուղղված են եղել տուրիստական օպերատորներին, հյուրանոցների պատվերներ են կատարել կամ այնպիսի պատվերներ, որոնց դիմաց վճարումներն ստացված են եղել օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների հաշիվներից, ինչը նշանակում է, որ առավելապես այդպիսի ծառայությունները կապ են ունեցել Հայաստան ժամանող քաղաքացիների հետ, այդ ծառայությունները լինելու են մեր շահառուների շրջանակը:

Մի քանի պայմաններ կան կառավարության որոշմամբ սահմանված՝ կազմակերպությունները պետք է ստեղծված լինեն մինչև 2019թ. հունվարի 1-ը, և ինչպես նշեցի՝ իրենց եկամուտները պետք է ստացած լինեն այդ 3 տիպի ուղղություններից առավելապես: Հաջորդը՝ եկամուտների առնվազն 50 տոկոսը պետք է ձևավորված լինի այդ 3 խումբ պատվիրատուներից: Հաջորդ կարևոր պայմանն այն է, որ իրենք պետք է աջակցություն ստանան միայն այն վարկային միջոցների տոկոսները վճարելու առնչությամբ, որոնք ստացված են եղել տրանսպորտային միջոցները գնելու համար, այսինքն՝ եթե այս կազմակերպությունները վարկ են վերցրել բանկերից կամ լիզինգային կազմակերպություններից՝ օրինակ, ավտոբուսներ ձեռք բերելու համար, և այդ վարկն ստացել են մինչև 2019թ. մարտի 31-ը ներառյալ, այդ մասով հաշվարկված տոկոսներն են միայն, որ կարող են մասամբ վճարվել կառավարության կողմից:

Հաջորդ հիմնական պայմանն այն է, որ կառավարությունը պետք է վճարի կամ պետք է օգնի վճարել այդ տոկոսների 75 տոկոս չափը, և առևտրային բանկն իր վարկառուի հետ միասին պետք է գան այն համաձայնության, որ վարկի մայր գումարը մինչև 2021թ. մարտ ամիսը ներառյալ պետք է հետաձգվի: Այսինքն՝ առևտրային բանկը պետք է պատրաստ լինի վարկառուի հետ իր պայմանավորվածություններով վարկի մայր գումարի հետաձգում կատարել մինչև 2021թ. ապրիլ, երբ մենք սպասում ենք, որ կվերադառնանք բնականոն տուրիստական կյանքի, ներքին զբոսաշրջության շրջանառության: Մնացած 25 տոկոսը վարկառուն և բանկը պետք է փոխադարձաբար պայմանավորվեն՝ եթե բանկն իր վերլուծության արդյունքում վարկառուի հետ միասին կորոշեն, որ ընթացիկ ֆինանսական հոսքերը բավարար են, որ այդ 25 տոկոսը վճարի, կազմակերպությունը պետք է վճարի իր միջոցների հաշվին: Եթե բանկն ու այդ կազմակերպությունը կգան այն համաձայնության, որ կազմակերպության ֆինանսական հոսքերը չեն բավարարում այդ վճարումներն անելու համար, ապա տոկոսների այդ վճարումը նույնպես պետք է հետաձգվի մինչև 2021թ. ապրիլ ամիս, որպեսզի այս կազմակերպության բնականոն գործունեությունն առաջիկա 6 ամսվա ընթացքում հնարավոր լինի պահպանել, որքանով դա այս դժվարին պայմաններում հնարավոր է, և երբ տնտեսական ակտիվությունը կվերադառնա, կազմակերպությունը շարունակի բնականոն եղանակով սպասարկել իր վարկային պարտավորությունները:

Եւ ամենավերջինը, որ կցանկանայի նշել՝ Էկոնոմիկայի նախարարության վեբկայքում էլեկտրոնային դիմումը և այն փաստաթղթերը, որ պետք է ներկայացնեն շահառու ճանաչվելու համար, արդեն հասանելի են պոտենցիալ դիմորդների համար: Ես, այս առիթն օգտագործելով, ցանկանում եմ կոչ անել բոլորին, ովքեր այդ դասակարգչին վերաբերող գործունեություն են վարում, ներկայացնել իրենց էլեկտրոնային դիմումները: Նորից մեկ կարևոր առանձնահատկություն՝ դիմում ներկայացնելը դեռ չի նշանակում, որ դա հաստատում է շահառու ճանաչվելը: Ստացված բոլոր տեղեկությունները մենք ճշտելու ենք առևտրային բանկի և ՊԵԿ-ում եղած տեղեկությունների բազայի հիման վրա, և որտեղ դրանք կհաստատվեն, տեղեկացնելու ենք, որ ճանաչվել են հաշվառու, և 2 անգամ՝ 2020թ. 4-րդ եռամսյակի համար և 2021թ. 1-ին եռամսյակի համար եռամսյակային փոխհատուցումներ ենք կատարելու:

Սրանք հիմնական կետերն են: Մենք ունենք նաև պատասխանատու աշխատակիցներ, ովքեր հեռախոսով և էլեկտրոնային եղանակով կպարզաբանեն բոլոր այն հարցերը, որոնք պոտենցիալ շահառուների մոտ կարող են առաջանալ: Մինչև հոկտեմբերի 10-ը դիմումների ընդունման ժամկետն է, Բոլորին, ովքեր կարծում են, որ պետք է լինեն այս միջոցառման շահառու, խնդրում եմ դիմումները չուշացնել, որպեսզի նաև վերլուծության և հետագա աշխատանքի համար փաստաթղթային մշակումները ժամանակին կատարված լինեն: Շնորհակալ եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, շնորհակալ եմ: Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ հիշեցնել, որ մենք նաև հակաճգնաժամային 1-ին միջոցառումը ժամանակի ընթացքում որոշակի վերափոխեցինք ընկերության կապիտալում նոր ներդրում անելու ծրագրի, որի պայմաններում, երբ ընկերությունը որոշակի ներդրում էր անում, տարբեր ներդրումների չափով որոշակի չափաքանակներով վարկային ռեսուրսներին հասանելիություն էր ստանում: Պարոն Գրիգորյան, կխնդրեի ներկայացնել արդյունքները՝ ի՞նչ ունենք այդ ծրագրի շրջանակում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Շնորհակալություն: Պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ ասեմ, որ միջոցառում 1-ով և 2-ով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմում է շուրջ 119 մլրդ դրամ: Այսինքն, ըստ էության, մենք այդ չափով վարկային պորտֆել սուբսիդավորելու ենք, որը, կարծում եմ, էական է: Բայց, այո, շատ կարևոր է այն կանոնը, որը մենք սահմանեցինք հունիսի 12-ին, և որի համաձայն՝ 50, 100 և հետագայում նաև սահմանեցինք, որ 25 մլն դրամով սեփականատիրոջ կողմից կապիտալի համալրման դեպքում տրվում են սուբսիդավորման ավելի բարենպաստ պայմաններ: Երեկվա դրությամբ՝ հայտերի քանակը 32-ն է, 28-ը բավարարված է: Բավարարված հայտերի ծավալով մենք կսուբսիդավորենք մոտ 8 մլրդ դրամին համարժեք վարկային պորտֆել, բայց այստեղ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ շուրջ 3 մլրդ դրամի ներդրում է իրականացվել սեփականատերերի կողմից իրենց կապիտալում: Ցանկանում եմ ասել, որ սա սկիզբն է, որովհետև այս տիպի կանոնների իմպլեմենտացման ժամանակաշրջանն ավելի երկար է, բայց 3 ամսվա համար կարծում եմ, որ բավական լավ դինամիկա ունենք: Ընթացքում կհետևենք և պարբերաբար կներկայացնենք արդյունքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ես այսօր նայեցի, որ, ըստ էության, այդ գումարներն ընկերություններն օգտագործում են հումքի, սարքավորումների ձեռքբերման, աշխատավարձերի, հարկերի վճարման համար, ինչն սկզբունքորեն մենք գնահատում ենք: Այսինքն՝ մենք որևէ կոնկրետ բան չենք նկատի ունեցել, կոնկրետ հոդվածներով նաև առաջարկել ենք, որը վատ չի: Նաև այս կարգի ներդրումներն օգնում են, որպեսզի աշխատատեղերը չփակվեն:

Ցանկանում եմ ընդգծել, որ նախորդ ամիսներին արձանագրված միտումը շարունակվել է նաև օգոստոսին, և 2020թ. օգոստոսին մենք 13422-ով ավելի աշխատատեղ ունենք հանրապետությունում, քան 2019թ. օգոստոսին, և օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946 աշխատատեղով ավելի: Եվ նաև այս միտումը շարունակվում է՝ աշխատավարձի ֆոնդերի հետ կապված՝ մեկ տարբերությամբ. 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի նկատմամբ երկրում բոլոր աշխատավարձերի ֆոնդն ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9.6 տոկոսով: Սակայն հուլիսի նկատմամբ պակաս է եղել օգոստոսին 2 մլրդ 663 մլն դրամով, որը պետք է վերլուծել, հասկանալ, թե ինչի հետ է կապված: Իսկ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի նկատմամբ ավելի է եղել 13671 դրամով կամ 7.3 տոկոսով: Սակայն 2020թ. օգոստոսին 2020թ. հուլիսի նկատմամբ պակաս է եղել 5973 դրամով կամ 2.9 տոկոսով: Սրանք, իհարկե, թվեր են, որոնք դեռ պետք է վերլուծել և հասկանալ, բայց արձանագրումը այն է, որ աշխատատեղերի թիվն ավելանում է: Իհարկե, այս երևույթը նույնպես պետք է վերլուծության ենթարկվի, բայց այս ավելացումն առնվազն վատ չէ: Սա մեզ հետաքրքրում է նաև ընդհանուր սոցիալական իրավիճակի գնահատման առումով՝ առնվազն վատ չէ, որ աշխատատեղերն ավելանում են:
Պարոն Հովհաննիսյան, դուք արդեն որևէ վերլուծություն արե՞լ եք: Ինչ-որ բան ունե՞ք ավելացնելու:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ձեր այն դիտարկմանը, որ օգոստոս ամսին ընդհանուր աշխատավարձի բազան պակաս է եղել հուլիս ամսվանից՝ դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ հուլիս ամիսը, ինչպես գիտենք, արձակուրդային ամիս է, և արձակուրդների ընթացքում հաշվարկվող և աշխատակիցներին վճարվող աշխատավարձի չափը, եկամտի չափն ընդհանուր առմամբ ավելին է, քանի որ նույն համամասնությունը գրեթե արտացոլված է 2019թ. հուլիս-օգոստոս ամիսների համեմատականով: Ավելին, 2019թ. այդ բացասական տարբերությունը կազմել է մոտ 4 մլրդ դրամ՝ ի տարբերություն 2020թ., երբ, ինչպես նշեցիք, մոտ 2.5 մլրդ դրամի սահմաններում է:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21