«ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ն ԱՐՏԱՇԱՏՈՒՄ 27 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված այդ ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 5-ը։ Հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով հիշյալ ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիա, կատարել մոտ 5 մլն ԱՄՆ դոլար ներդրում` Արտաշատ քաղաքում կառուցելով շենքեր և շինություններ։ Մինչև տարեվերջ կկատարվի ևս 22 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում` դրա ընդհանուր թիվը հասցնելով 27 մլն դոլարի։ Արդյունքում ակնկալվում է ստեղծել մինչև 220, հետագայում` ևս նույնքան աշխատատեղ։ Կառավարության այս որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը, մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը։