ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ
Հայաստանյան հինգ հեռուստաընկերություններին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հարցազրույցի շրջանակներում պարզաբանվել են ՀՀ տնտեսական աճին առնչվող հարցեր:
-Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցել ենք 6,7 տոկոս աճ։ Հասարակությանը հետաքրքում է` տնտեսությունը զարգանու՞մ է, թե՞ ոչ։ Մեր տնտեսությունը չի՞ շարունակում կախված մնալ ներմուծումներից, տրանսֆերտներից։
-Առաջին հերթին պետք է նշել, որ ունենք բազմաթիվ խնդիրներ։ Եվ, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության նախագահը իր ելույթներից մեկում հայտարարեց, որ մենք բաց եւ հրապարակային խոսելու ենք մեր խնդիրների մասին, չենք թաքցնելու։ Եվ դա է երաշխիքը, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծել։ Խնդիրներից են կառավարման համակարգի անարդյունավետ վիճակը, կոռուպցիոն ռիսկերը, ստվերային տնտեսությունը եւ այլն։ Մենք չենք խուսափում այդ խնիդրների մասին խոսելուց եւ փորձում ենք ներկայացնել այն լուծումները, որ այսօր ՀՀ կառավարությունը իրականցնում է։ 6,7 տոկոս տնտեսական աճն ի՞նչ է իրենից ներկայացնում, եւ, արդյո՞ք, դա առիթ է, որպեսզի ավելի համարձակ նայենք 2010 թ-ի ցուցանիշներին եւ մեր գնահատականներին։ Եթե համեմատենք 2009 թ-ի անկման հետ, ապա սա է այն հենքը, որ մենք արձանագրում ենք, որ, իսկապես, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական համակարգում։ Դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է, որը լավատեսություն է մեզ հաղորդում, եւ առաջին հերթին պետք է արձանագրենք, որ տնտեսության բոլոր ճյուղերը, բացի գյուղատնտեսությունից, ունեն աճի միտումներ։ Երեք հիմնական գործոն է ազդում մեր տնտեսական աճի ցուցանիշի վրա։
Առաջին գործոնը համաշխարհային տնտեսության վիճակն է։ Մենք 2009 թ-ի վերջին կիսամյակից արդեն սկսեցինք արձանագրել համաշխարհային տնտեսությունում բարելավման միտումներ։ Եվ, բնականաբար, դա իր դրական ազդեցությունը թողում է մեր տնտեսության վրա, մասնավորաբար, հանքահումքային արդյունաբերության ապրանքների գների աճը միջազգային շուկաներում հնարավորություն տվեց, որ այդ ոլորտի մեր խոշոր 5 ձեռնարկությունները կարողանան ավելացնել իրենց արտահանման ծավալները եւ աշխատեն շահութաբեր, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար, որովհետեւ 2009 թ-ին ՀՀ կառավարությունն իր օպերատիվ շտաբով որոշում կայացրեց եւ անհապաղ օժանդակություն ցուցաբերեց այդ ձեռնարկություններին, որոնք, մեր համոզմունքով, ժամանակավոր դժվարություն էին կրում համաշխարհային գնային կոնյուկտուրայի փոփոխության պատճառով, եւ այն ֆինանսական օգնությունը, որ մենք ցուցաբերեցինք մեր ձեռնարկություններին, հնարավորություն տվեց, որ նրանք չիրականացնեն կրճատումներ։ Այդ ժամանակավոր դժվարությունը վերացավ, եւ նրանք ամբողջությամբ բյուջետային վարկը վերադարձրին պետությանը։ Արդյունքում մենք կարողացանք հանքահումքային տնտեսությունում իրավիճակը պահել մեր կառավարելիության տակ, եւ այս տարի արդեն ունենք դրական միտումներ եւ աճի տեմպեր։ Բնականաբար, մեզ վրա դրականորեն է ազդում նաեւ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, որտեղ նույնպես տնտեսական աճ է արձանագրվում, քանի որ շուրջ 1200 ձեռնարկություն ռուսական կապիտալով իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում, եւ բնականաբար, նրանց ֆինանսական վիճակը, հարաբերությունները իրենց ռուս գործընկերների հետ էական ազդեցություն է թողում մեր տնտեսական համակարգի վրա։
Երկրորդ գործոնը ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումներն էին, մասնավորապես` ընդլայնողական բյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը։ Մենք գիտեինք, որ այդ քաղաքականությունը իր մակրոտնտեսական ազդեցությունը մեր համախառն ներքին արդյունքի վրա թողնելու է, եւ այդպես էլ տեղի ունեցավ։
Երկրորդ գործոնը ներհանրապետական գործոնն է, մասնավորապես, մեր տնտեսավարող սուբյեկտների վարքագծային կաննոները, նրանց սպասումները, ներդրումային վարքագիծը, որոնք նույնպես իրենց դրական ազդեցությունը թողել են այս վեց ամիսների ընթացքում, եւ մենք արձանագրում ենք, որ տնտեսական ակտիվություն գոյություն ունի, որի արդյունքում մենք շուրջ 35 մլրդ դրամ ավելի հարկեր ենք հավաքել ծրագրավորվածից։ Դա արդեն առարկայական նվաճում է, ինչը նշանակում է, որ մեր մակրոտնտեսական կայունությունը ամրապնդվում է, եւ պետությունը կարող է կատարել իր բոլոր ֆինանսական պարտավորությունները։ Ավելին, մենք կստեղծենք պաշարներ 2011-2012 թթ-ի համար` ֆինանսական պաշարներ, որպեսզի ապահովենք մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը։
Սա է իրավիճակը այս վեց ամիսների կտրվածքով։ Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռեւս մեզ չի հաջողվել լուծել, եւ տարիներ են անհրաժեշտ։ Դրա համար մենք ունենք ծրագիր եւ բոլոր նախարարությունների աշխատանքները մենք փորձում ենք դարձնել հրապարակային եւ վերահսկելի ձեզ համար։ Ուստի նրանց բոլորին հանձարարված է, որ նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումերը լինեն հրապարակային եւ նկարագրված լինեն սպասելիքները, ավելին նրանք իրենց անձնական հսկողության տակ են պահելու ոլորտի 3-4 խնդիր եւ տարվա վերջում հաշվետվություն են ներկայացնելու։ Այդ խնդիրներն արդեն հրապարակված են մամուլում եւ ներկայացված իրենց կայքէջերում, եւ քաղաքացիները կարող են տեսնել, թե նախարարները ոլորտ առ ոլորտ ինչ խնդիրներ են լուծելու։
-Ե՞րբ կախված չենք լինի վարկերից, տրանսֆերտներից, ներմուծումներից։
-Աշխարհում չկա այդպիսի երկիր։ Աշխարհի ամենամեծ կախում ունեցող երկիրը արտաքին ֆինանսավորումից ԱՄՆ-ն է, որովհետեւ նրանց վճարային հաշվեկշիռն ունի ամենամեծ ճեղքվածքը, եւ պատմականորեն աշխարհում ամենաբարձր բեռն ունի այսօր ԱՄՆ-ն, եւ դրանից պետք չէ վախենալ։ Խնդիրն այն է, որ այդ գործընթացները լինեն կառավարելի եւ այն չափանիշների շրջանակներում, որը թույլ է տալիս գնահատել, որ այդ բեռը, որ մենք ունենք կառավարելի բեռ է։ Այսօր եւ միջազգային կազմակերպությունները, եւ մեր վերլուծական կենտրոնները մեզ տալիս են գնահատականներ, որ այն պարտքի բեռը, որ ունի Հայաստանը, կառավարելի է։ Եվ մեր արտաքին պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի հետ համեմատած չի գերազանցում 50 տոկոսը, այն պարագայում, որ կան զարգացած պետություններ, որ այդ ցուցանիշը 100 տոկոս է կազմում։ Մեր արտաքին պարտքը հիմնականում երկարաժամկետ, ցածր տոկոսներով պարտք է, որը մենք վերցրել ենք միջազգային ֆինանսական կառույցներից 30-40 տարի ժանկետով` 0,75-1 տոկոս դոկոսադրույքով։ Դա նշանակում է, որ այդ տեսանկյունից ռիսկայնության մակարդակը կառավարելիության շրջանակներում է գտնվում։
-Տնտեսական աճը դանդաղում է, ինչպե՞ս դա կմեկնաբանեք` 8,8 տոկոսից հասանք 6,7 տոկոսի, դա՞ սպասում էիք։
-Դա առաջին հերթին պայմանավորված է 13,1 տոկոս անկումով գյուղատնտեսության ոլորտում, որը հիմնականում պտուղ-բանջարեղենի ոլորտին է վերաբերում եւ բնակլիմայական պայմաններով է բացատրվում այսօր։ Իհարկե, եթե դա չլիներ, մեր տնտեսական ցուցանիշը ավելի բարձր կլիներ։ Մեզ համար չափազանց կարեւոր է անդրադառնալ մի խնդրի, որի մասին մենք խոսում ենք, այն է, որ մեր տնտեսության խոցելի կողմ այն է, որ այն դիվերսիֆիկացիա չունի։ Այսինքն` 1 կամ 2 ճյուղի ազդեցությունը ընդհանուր տնտեսության վրա բավականին մեծ է։ Առաջին հերթին շինարարության մասին է խոսքը, որի տեսակարար կշիռը վերջին 7 տարիներին հասել էր իր գագաթնակետին, եւ շինանարության ազդեցությունը մեր բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, չափազանց բարձր է։ Դա էր պատճառը, որ 2009 թ-ին ունեցանք 18,2 տոկոս անկում, որը հիմնակում պայմանավորված էր շինարարության ոլորտով։ Մեր իրականացրած բարեփոխումները եւ հակաճգնաժամային միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել դիվերսիֆիկացիայի մակարդակը։ Այդ տեսակետից առաջին 6 ամսվա արդյունքները տպավորիչ են, որովհետեւ մենք շինարարության ոլորտում ունենք շուրջ 4 տոկոսանոց աճ։ Եվ մեզ համար չափազանց կարեւոր է, որ այդ աճը պայմանավորված է ոչ միայն բնակարանային շինարարությամբ, այլ արդյունաբերական արտադրողական շինարարությամբ, որը հույս է ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում նոր արտադրական հզորություններ են շահագործման հանձնվելու, եւ մենք ունենալու ենք ավելի բազմազան տնտեսական կառուցվածք։ Եվ այդ ներդրումները դրա մասին են վկայում։
-Դուք տպավորիչ տնտեսական աճի մասին խոսեցիք, եւ առաջին անգամ չէ, որ թե դուք, եւ թե համապատասխան ոլորտների ներկայացուցիչները հայտարարել են, որ ճգնաժամը հաղթահարված է։ Լավ, եթե դա այդպես է, ապա սովորական քաղաքացին ե՞րբ կարող է դա զգալ, հատկապես, եթե հաշվի առնենք սննդամթերքի, մասնավորապես գյուղմթերքի շուկայում արձանագրված գնաճը եւ սպառողի ծախսերի եւ եկամուտների անհամադրելիությունը։
-Առաջին հերթին ուզում եմ ասել, որ մենք մեր գնահատականներում ավելի զգուշավոր ենք. մենք հայտարարել ենք, որ մտել ենք կայունացման եւ վերականգնման շրջան։ Թե ինչպիսին կլինի մոտակա 2 տարիների տնտեսական իրավիճակը, պայմանավորված է բազմաթվի գործոններով, այդ թվում նաեւ` համաշխարհային տնտեսության վիճակով։ Չկա մի որեւէ հայտնի տնտեսագետ, որն այսօր համարձակություն կունենա հայտարարելու, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարված է։ Դրա համար մենք պետք է լինենք զգուշավոր եւ ունենանք բավարար պաշարներ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար։ Առաջին հերթին պետք է նշել, որ կարեւորագույն ցուցանիշը, որն ազդում է մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա, դա գնաճն է։ Եվ 2009 թ-ին մենք հայտարարեցինք, որ Հայաստանը մտել է գնաճային բարձր մակարդակ ունեցող մի փուլ, որը մեզ մտահոգում է, եւ մեր գործողությունները պետք է ուղղված լինեն գնաճը զսպելուն։ Առաջին 6 ամիսների ցուցանիշները վկայում են այն մասին, որ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները փոփոխության հետեւանքով կարողացել են զսպել բարձր գնաճային միտումները, որոնք առկա էին 2009 թ-ին։ Փետրվարին մենք արձանագրեցինք գնաճային ամենաբարձր մակարդակը 9,4 տոկոս եւ հետագայում մեր զսպողական քաղաքականությունը իր դրական ազդեցությունն ունեցավ գնաճի վրա, որը փուլ առ փուլ սկսեց նվազել։ Այսօրվա դրությամբ ունենք 4,5 տոկոս գնաճ տարվա սկզբի հետ համեմատած. իսկ եթե վերցնենք 12 ամսվա արդյունքները, ապա գնաճը կազմում է 5,8 տոկոս, այսինքն, տեսնում ենք, որ գնաճը սկսել է նվազել։ Բայց դեռեւս բավարար չէ, եւ մենք համոզված ենք , որ մոտակա 3 տարիների ընթացքում մենք ի վիճակի կլինենք վերադառնալ մինչեւ 3 տոկոսանոց գնաճի, որի պարագայում մեր քաղաքացիները իրենց համար հարմարավետ միջավայրում կհայտնվեն։ Սակայն ակնհայտ է, որ մենք արդեն ունենք դրական միտում։ Եվ այստեղ կարեւոր է նշել, որ դրան էապես նպաստել է այն հանգամանքը, որ մենք առաջին 6 ամիսներին հավաքագրել ենք ծրագրավորվածից ավելի եկամուտներ։ Դա նշանակում է, որ բյուջեի վարքագիծը գնաճի առումով եղել է զսպողական, ՀՀ կենտրոնական բանկի քաղաքականությունը նույնպես եղել է զսպողական։ Առաջին հերթին դա պայմանավորված է վերաֆինասավորման տոկոսադրույթի փուլ առ փուլ բարձրացմամբ, որը նույնպես իր դրական ազդեցությունը թողել է գնաճի զսպման վրա։ Քաղաքացիների եկամուտները պետք է գերազանցեն գների աճի տեմպին։ Ընդհանուր առմամբ, 2010 թ-ի առաջին 6 ամիսներին մենք դա արձանագրել ենք։ Սակայն այդ ցուցանիշները պետք է պահպանել առնվազն 3 տարի, որպեսզի որակական փոփոխություն տեղի ունենա եւ բոլոր քաղաքացիները առարկայորեն զգան, որ իրենց կենսամակարդակը բարձրացել է, այլ ոչ թե նվազել։