ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ
2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է առևտրաշրջանառության համախառն ծավալների աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` այս տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով ՀՀ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 842664.7 մլն. դրամ, որը 2009 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4,1%-ով:
Հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունում մանրածախ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե չի փոփոխվել` կազմելով 537868.5 մլն դրամ: Այս նույն ժամանակահատվածում մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 11.4%-ով և կազմել 271515.2 մլն դրամ:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով մանրածախ առևտուրը կազմում է ՀՀ առևտրի համախառն ընդհանուր ծավալի 63,8%-ը, իսկ մեծածախ առևտուրը` 32,2%-ը: