ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՈՒՄ Է ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 6-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել նախնական տարբերակի քննարկումներ։
Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունն սկսում է բյուջետային քննարկումների երկրորդ փուլը։ Տնտեսական կյանքի գլխավոր այդ փաստաթուղթը հանգամանորեն քննարկելուց հետո սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։