ԱՄՀ-Ն ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։
Կողմերը քննարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրի մանրամասներ։
Ռատնա Սահայը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ծրագրի կատարողականի մակարդակը ի համեմատ մի շարք այլ երկրների և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի տնտեսությունը թեպետ դանդաղ, բայց վերականգնման փուլ է մտել։ Նա նաև ողջունել է ֆինանսական շուկայում կայունության պահպանման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել նաև միջնաժամկետ ծախսերի ծրագրին առնչվող հարցերին։