ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Այսօր` հոկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նիստի շրջանակներում գործադիրը ՀՀ 2010թ. պետբյուջեի և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ իրականացնող հարկ վճարողների ԱԱՀ դեբետային մնացորդի գերավճարի վերադարձման համար ՀՀ 2010թ. պետբյուջեով նախատեսված 18 մլրդ դրամից բացի վերադարձման գործընթացը լիովին իրականացնելու համար աղբյուր ստեղծելու անհրաժեշտությամբ։
Տիգրան Սարգսյանի խոսքով այս տարի նախորդի համեմատ 43 տոկոսով ավելացել է արտադրանքի արտահանման ցուցանիշը, ուստի անհրաժեշտություն է առաջացել գերավճարի վերադարձման համար հատկացնել ևս 8 մլրդ դրամ։ Սա խնդրահարույց հարց չէ, քանի որ ՊԵԿ-ը գերակատարում է իր ցուցանիշները։ Գերավճարները վերադարձնելը նույնպես կխթանի արտահանման ծավալի ավելացումը։
Եվս երկու որոշմամբ կառավարությունը փոփոխել և լրացրել է իր ավելի վաղ ընդունած երկու որոշումները` դրանով իսկ կատարելով «Հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի պահանջները, այն է` տեղեկությունները պատկան մարմիններ ներկայացնել և փոխանակել էլեկտրոնային եղանակով։