
ԲԻԼ ԳԵՅԹՍԸ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԿԱՋԱԿՑԻ ԱՂՔԱՏ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և վերջինիս կնոջ` Միլինդա Գեյթսի բարեգործական հիմնադրամի միջոցներից շուրջ 500 մլն դոլար կուղղվի աշխարհի առավել աղքատ երկրների բնակչության համար բանկային համակարգեր ստեղծելու նածագծերի ֆինանսավորմանը: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը` պարզաբանելով, որ այս ինքնատիպ բանկային համակարգերը թույլ կտան աշխարհի առավել աղքատ ընտանիքներին, որոնց օրական եկամուտը չի գերազանցում 2 դոլարը, գումարներ խնայել բանկերում:
Հատկանշական է, որ այս բանկային համակարգերը գործելու են ինտերնետ-բանկինգի և հեռախոսային բանկային ծառայությունների տեխնոլոգիական լուծումների հիման վրա: Նախատեսվում է, որ արդեն մոտ ապագայում հիմնադրամից 40 մլն դոլար կուղղվի Տանզանիայում և Բանգլադեշում նմանատիպ բանկային համակարգերի գործարկմանը: