Պաշտոնական

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 372.00-1.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 109.64+3.55 WTI - 97.61+3.40
COMEX:  GOLD - 4680.90-0.88 SILVER - 75.00-1.81
COMEX:  PLATINUM - 1987.40-2.12
LME:  ALUMINIUM - 3578.00-1.16 COPPER - 13213.00-1.07
LME:  NICKEL - 19097.00+1.92 TIN - 49336.00-1.75
LME:  LEAD - 1960.00+0.28 ZINC - 3398.00-1.59
FOREX:  USD/JPY - 159.07-0.15 EUR/GBP - 1.1714-0.05
FOREX:  EUR/USD - 1.1714-0.05 GBP/USD - 1.353+0.00
STOCKS RUS:  RTSI - 1150.64+0.94
STOCKS US: DOW JONES - 49167.79-0.13 NASDAQ - 24887.10+0.20
STOCKS US: S&P 500 - 7173.91+0.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 60537.36+2.36 TOPIX - 3735.28+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25925.65+0.04 SSEC - 4086.34-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10321.09-0.56 CAC40 - 8141.92-0.19
STOCKS EUR:  DAX - 24083.53-0.19
27/04/2026  CBA:  USD - 371.56-0.27 GBP - 503.8+2.39
27/04/2026  CBA:  EURO - 436.43+2.06
27/04/2026  CBA:  GOLD - 56285-405 SILVER - 893.85-39.39
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԷՐ ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ
24/01/2011 10:20
Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԷՐ ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ

Հունվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նախագահ Սաակաշվիլիին ուղեկցող պատվիրակության կազմում էին Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սաակաշվիլին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ մասնակցել են հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մրցանակաբաշխությանը: 

Օլիմպիադայի կազմակերպման գաղափարը Հայաստանի և Վրաստանի նախագահներին է և նպատակ ունի երկու պետությունների համագործակցությունն ավելի ամրապնդել ու խորացնել ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլ նաև գիտակրթական ոլորտներում: Հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադային, որն անցկացվել է մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա առարկաներից, յուրաքանչյուր երկրից մասնակցել է 30-ական աշակերտ: Պայմանավորվածության համաձայն, օլիմպիադան կլինի շարունակական, և երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաև առարկաների ցանկը: 

Երկու երկրների նախագահները յուրաքանչյուր առարկայից հաղթողներին հանձնել են համակարգիչներ: Մրցութային առարկաներից յուրաքանչյուրում ամենայուրօրինակ լուծում ներկայացրած Հայաստանի եւ Վրաստանի մասնակիցները խրախուսվել են նաև «Ամենայուրօրինակ լուծում» անվանակարգում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել են օլիմպիադայի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել` հաջողություններ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Սիրելի՛ դպրոցականներ, 
Հարգելի՛ ներկաներ,

Նախ շնորհակալ եմ, որ մասնակցեցիք այս օլիմպիադային: Իհարկե, շնորհավորում եմ հաղթողներին, բայց ինչպես օլիմպիական կարգախոսն է ասում`կարևորը մասնակցությունն է:

Հայ-վրացական բարեկամությունը մենք չենք սկսել և բնական է` մեզնով չի ավարտվելու: Բայց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է նոր շունչ հաղորդել, իր մասնակցությունը բերել, որպեսզի կարողանանք այդ թանկ ժառանգությունը փոխանցել մեր զավակներին: 

Բայց ի՞նչ հայ-վրացական բարեկամություն առանց մրցակցության: Այս կատակի մեջ խորը իմաստ կա: Եւ այս իմաստը, ըստ իս, կայանում է նրանում, որ մենք հազարամյակներ ապրելով կողք-կողքի` երբեք իրար դեմ զենք չենք հանել: Մենք մրցել ենք գրականությամբ, մենք վիճել ենք, թե ում թատրոնն է ավելի հինը, ավելի լավը, ո՞վ է ավելի լավ ֆուտբոլ կամ շախմատ խաղում: Սա է եղել մեր մրցակցության հիմքը և սա շատ լավ պատգամ է, որպեսզի մենք կարողանանք փոխանցել մեր զավակներին: 

Սիրելի՛ դպրոցականներ, առաջին հերթին ձեզ է վերաբերում, ես վստահ եմ, որ այս պատգամները ձեզ մոտ խորը արմատներ են ունենալու: Այսինքն` մրցել գիտելիքով, ստեղծագործությամբ, մրցել արդար պայքարում և հաղթողին շնորհավորել ու այդ պարագաներում համարել, որ երկուսս էլ հաղթել ենք: 

Ձեզնից շատ բան է կախված: Հայաստանում, ես վստահ եմ` նաև Վրաստանում, մենք ցանկանում ենք ունենալ պետություն, հասարակություն, որտեղ առանցքային անձը գիտելիք ունեցող անձն է, հասարակություն, որի առանցքը գիտելիքն է, հասարակություն, որտեղ գիտելիք ունեցող մարդը կարողանում է արժանապատիվ ապրել:

Սիրելի՛ դպրոցականներ,

Ասում են, թե Մաքս Պլանկն ուսանող ժամանակ գնացել է իր զառամյալ պրոֆեսորի մոտ և ասել, որ ցանկանում է իր կյանքն ամբողջովին նվիրել տեսական ֆիզիկային: Եւ ասում են, որ այդ պրոֆեսորն ասել է. «Երիտասա՛րդ, տեսական ֆիզիկայում ամեն ինչ համարյա թե ավարտված է: Եւ արժե, արդյո՞ք, որպեսզի դու քո ամբողջ կյանքը նվիրես մի այդպիսի անհեռանկար գործի: Բայց ինչպես շատ-շատերդ գիտեք, Մաքս Պլանկը դարձավ քվանտային տեսության հեղինակը, ստացավ Նոբելյան մրցանակ, այսինքն հասավ իր նպատակին: Միգուցե, մի քիչ ավելի հեռու գնացի: Ես ուզում եմ բերել Վրաստանի նախագահի օրինակը. ընդամենը 28 տարեկանում նա դարձավ գիտությունների դոկտոր, նոր էր բոլորել 36 տարին, երբ դարձավ Վրաստանի նախագահ: Այս օրինակները գալիս են ապացուցելու, որ եթե մարդ իր առջև նպատակ է դնում և իրեն ամբողջովին նվիրում է այդ նպատակին, ապա հաջողությունը երաշխավորված է: Եւ ես վստահ եմ, որ դուք ձեր առջև մեծ նպատակներ եք դնելու և կարողանալու եք հասնել այդ նպատակներին: Ես ձեզ հորդորում եմ այդ նպատակների մեջ մի փոքր տեղ էլ հատկացնել հայ-վրացական բարեկամությանը, որովհետև, իրոք, այս տարածաշրջանում մենք ամենամոտ բարեկամներն ենք և պետք է այդ բարեկամությունը փայփայենք, գուրգուրենք, փոխանցենք մեր զավակներին, և այդ բարեկամությունից մեր ժողովուրդները պետք է օգուտ քաղեն: 

Ես շատ ուրախ եմ Վրաստանի բուհերում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող Հայաստանի ուսանողներին Նախագահի կրթաթոշակ տրամադրելու նոր գաղափարի, առաջարկության համար և վստահ եմ, որ մենք էլ հնարավորություն կգտնենք, և վրացի երիտասարդներն էլ հետաքրքրություն կունենան Հայաստանի բուհերում սովորելու, այսինքն` այս առիթները որքան ավելացնենք, մեր նպատակներն ավելի լավ կարող ենք իրականացնել: Որքան շուտ իրականանան մեր նպատակները, մեր երկրները դառնալու են ավելի անվտանգ:

Կեցցե՛ անվտանգ Հայաստանը, 
Կեցցե՛ անվտանգ Վրաստանը»: 

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս իր ողջույնի խոսքում գոհունակությամբ է խոսել օլիմպիադայի անցկացման գաղափարի իրականացման և դրա արդյունքների մասին, նշելով, որ երկրորդ օլիմպիադան անցկացվելու է Վրաստանում:

«Ես ուզում եմ ասել, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրներն ավելի մոտիկանան, և մեր հարաբերություններն ավելի ամուր դառնան: Ուզում եմ այստեղ հայտարարել, որ ապագայում մենք նախատեսում ենք Նախագահի կրթաթոշակ տրամադրել Հայաստանի ուսանողներին, ովքեր կարող են ուսումը շարունակել Վրաստանի բուհերում: Ես համոզված եմ, որ տարածաշրջանի այս երկու երկրներն անպայման միշտ կողք-կողքի կլինեն, և ձեռք-ձեռքի բռնած կմտածենք մեր ապագայի մասին, որովհետև մեր ապագան պայմանավորված է հենց մեր երկու ժողովուրդների բարեկամությամբ: 

Ես մեծ հաճույքով պետք է խոսեմ Հայաստանի Հանրապետության նախագահի` պարոն Սերժ Սարգսյանի մասին, որովհետև ես ընդունում եմ նրան որպես իմ մեծ բարեկամ, լավ գործընկեր, որպես եղբայր, որովհետև ես գիտեմ, որ բոլոր հարցերը մենք միմյանց հետ ենք որոշում: Հիշում եմ անցյալ անգամ, երբ ես այցելեցի Հայաստան, չեմ մոռանում պարոն Սարգսյանի աջակցությունը մեր երկրին: Պարոն նախագահի դիրքորոշումն ու նրա աջակցությունը ես չեմ կարող մոռանալ և չի կարող մոռանալ նաև վրաց ժողովուրդը: 

Հայ և վրացի ժողովուրդները շատ խելացի ժողովուրդներ են, և այս դահլիճում մենք կրկին դրանում համոզվեցինք»,- ասել է Նախագահ Սաակաշվիլին: 

Հայաստանի և Վրաստանի նախագահները շրջել են նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին ու ծրագրերին, որից հետո մեկնել են ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի է ունեցել նախագահների առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

27/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.56
-0.27
Եվրո (EUR)
436.43
+2.06
Ռուբլի (RUR)
4.9449
-0.0003
Լարի (GEL)
138.18
-0.02
56285
-405
Արծաթ
893.85
-39.39