ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Փետրվարի 7-ին ՀՀ օրհներգով ազդարարվեց Ազգային ժողովի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի սկիզբը, որից հետո ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին նստաշրջանի եւ փետրվարի 7-10-ի քառօրյա նիստերի օրակարգերը:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ պատգամավորներին տեղեկացրեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ հիշեցրեց, որ եթե նա, ԱԺ կանոնակարգի համաձայն, եռօրյա ժամկետում հետ չվերցնի իր դիմումը, նրա հրաժարականը կհամարվի ընդունված:
ԱԺ կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովը ձեւավորեց եւ քվեարկությամբ հաստատեց իններորդ նստաշրջանի ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը:
ԱԺ պատգամավորները քննարկեցին ՀՀ նախագահի առաջարկությամբ Ազգային ժողով վերադարձված «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
Բանախոսը նշեց, որ փոփոխություն է կատարվում գործող օրենքի 2-րդ հոդվածում, եւ «Գերագույն խորհուրդ» բառերը փոխարինվում են «Ազգային ժողով» բառերով, որի արդյունքում Ազգային ժողովին պետական պարգեւներ հիմնելու լիազորություն է վերապահվում, մինչդեռ պետական պարգեւներ հիմնվում են միայն օրենքով:
Փոփոխություն է կատարվում նաեւ գործող օրենքի 12-րդ հոդվածում, եւ «Գերագույն խորհրդի նախագահության» եւ «Գերագույն խորհրդի նախագահությունը» բառերը համապատասխանաբար փոխարինվում են«Ազգային ժողովի» եւ «Ազգային ժողովը» բառերով, որի արդյունքում Ազգային ժողովին պետական պարգեւներով պարգեւատրման միջնորդություն հարուցելու եւ միջնորդություն հարուցելու մասին ստացված առաջարկությունների քննարկման եւ ամփոփման կարգ սահմանելու մասով լիազորություն է վերապահվում, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի պահանջից, որի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են միայն ՀՀ Սահմանադրությամբ:
Ելնելով վերոշարադրյալից` ՀՀ նախագահն առաջարկում է 2-րդ հոդվածում «հիմնում է ՀՀ Գերագույն խորհուրդը» բառերը փոխարինել «հիմնվում են օրենքով» բառերով, իսկ օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության» բառերը հանել, երկրորդ մասի «սահմանում են համապատասխանաբար ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը եւ» բառերը փոխարինել «սահմանում է» բառերով:
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի տեղեկացմամբ` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) գոյության իրավական հիմքերը, կարգավիճակը, նպատակներն ու խնդիրները մինչ այժմ կարգավորվել են «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի` ՀՀ ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության գիտական բարձրագույն կենտրոնն է եւ ՀՀ գիտական քաղաքականության մշակման, իրականացման եւ գիտության կառավարման ոլորտում ունի հատուկ կարգավիճակ եւ պետության հետ ունեցած հարաբերություններում անմիջականորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
Սակայն, հետագայում այդ գործառույթները, այն է` ՀՀ ԳԱԱ-ի եւ իր համակարգի գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակը, նորամուծական (ինովացիոն) գործունեության եւ գիտական արդյունքների առեւտրայնացման հետ կապված ժամանակակից պահանջների իրականացումը ակամա հակասության մեջ են հայտնվել պետական ոչ առեւտրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի որոշակի դրույթների հետ:
Ներկայացված «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրինագիծը երաշխավորում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեությունը` ուղղված հիմնարար եւ կիրառական գիտության զարգացմանը, Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի պահպանմանը եւ հետագա զարգացմանը: Այն սահմանում է ՀՀ ԳԱԱ-ի համակարգի կառուցվածքը, կարգավորում է ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական անձանց գործունեության ոլորտները, ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսավորման եւ գույքային առանձնահատկությունները, պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական եւ նորամուծական (ինովացիոն) գործունեության սուբեկտների եւ մասնակիցների հետ նրա փոխհարաբերությունները:
Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է գիտության ոլորտում կտրուկ բարեփոխումների քաղաքականությանը: Նրա կարծիքով այս օրենքով հնարավոր չէ լուծել ոլորտում առկա խնդիրները:
ԱԺ պատգամավորները քննարկեցին «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» «Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշմամբ նախատեսվել է կրթության որակի ապահովման նպատակով ստեղծել որակի ապահովման ազգային ծառայություն, ինչը կատարվել է ՀՀ կառավարության 27.11.08թ. նիստում: Ըստ այդմ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական եզրակացության հիման վրա տրամադրելու է մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման վկայականները:
Սույն օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ստեղծման կապակցությամբ կրթական օրենսդրությունում առկա հակասությունները հաղթահարելու անհրաժեշտությամբ:
ԱԺ պատգամավորները քննարկեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Բանախոսի տեղեկացմամբ` ներկայացված նախագծի նպատակը Հայաuտանի Հանրապետության կրթական հաuտատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողներին, ամուսիններին, զավակներին Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ եւ կացության քարտ տալն է, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետի երկարաձգումը, ինչպես նաեւ հաշվառելու համար պետական տուրքի չափի նվազեցումը 60 տոկոսով:
Քննարկվեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ քաղաքացիական դատավարության, քրեական դատավարության եւ դատական օրենսգրքերում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, «ՀՀ քրեական, դատական, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության օրենսգրքերում, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ, վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատրելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի այսօր` փետրվարի 8-ին: