ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է 95%-ԻՑ ԱՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 12 ԲԱՆԿ
Հայաստանում գործող բոլոր 21 առևտրային բանկերն օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկեր են, ընդ որում 50℅-ից ավել օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկերի թիվը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14: Միևնույն ժամանակ, 95℅-ից ավել օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ հանրապետությունում գործում է 12 բանկ:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 78.9℅: Նշենք, որ 2009 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ այս ցուցանիշը կազմել էր 71,4℅, ինչը նշանակում է, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ բանկային համակարգում օտարերկրյա մասկակցությունն աճել է 7,5 տոկոսային կետով:
Նշենք նաև, որ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործում են 32 վարկային կազմակերպություններ, որոնցից 15-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ ընկերություններ են, և 12 ապահովագրական ընկերություններ, որոնցից 8-ն են օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ: