Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
10/02/2011 12:17
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ազգային ժողովը փետրվարի 9-ի նիստն սկսեց քվեարկություններով. ընդունվեցին նախորդ օրը քննարկված օրենսդրական բոլոր նախաձեռնությունները:

Պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված հարցի քննարկումը: Հակոբ Հակոբյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, մեկ անգամ եւս մանրամասնեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» առաջարկը` հնգօրյա աշխատանքային շաբաթ կիրառելու անհնարինության դեպքում վեցօրյա շաբաթ կիրառելու մասին: Խոսքը արտադրական կամ այլ բնույթի  կազմակերպությունների մասին է: Նախագծի համահեղինակը նկատեց, որ աշխատանքային օրերի ավելացումը կտեղավորվի օրենքով սահմանված` շաբաթական 40-ժամյա աշխատակարգի մեջ: Հարակից ելույթում նախաձեռնությունը պաշտպանեցին թե Գագիկ Մելիքյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի տեսակետը, եւ թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նախարարը նշեց, որ իրենք եւս ստացել են դժգոհություններ  նախկինում կատարված փոփոխության` հնգօրյա աշխատանքային շաբաթ սահմանելու կապակցությամբ` հատկապես մշակույթի ոլորտից: Նրա ներկայացմամբ` այսպես գործատուներին տրվում է աշխատանքներն առավել ճկուն  կազմակերպելու հնարավորություն:  Նշենք, որ հանրակրթական ոլորտում, որպես բացառություն, այսօր էլ է սահմանված աշխատանքային վեց օր: Զեկուցողներին ուղղված հարցերում որոշակի մտահոգություններ հնչեցին աշխատողներին շահագործելու հնարավոր սողանցքների մասին, դրանցից խուսափելու համար առաջարկ եղավ օրենքով սահմանել վեցօրյա աշխատանքի հստակ դեպքերը:  Նախագիծն առիթ հանդիսացավ, որ պատգամավորներն անդրադառնան արհմիությունների կայացման կարեւորությանն ու անհրաժեշտությանը: Եզրափակիչ ելույթում համահեղինակն  ընդգծեց, որ նախագիծը  շրջանառելով նպատակ են ունեցել հավասարապես պաշտպանել թե գործատուի եւ թե վարձու աշխատողի շահերը:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը խորհրդարանի գնահատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային  բանկի միջեւ նախորդ տարի ստորագրված` «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական համաձայնագիրը: Այս վարկային համաձայնագրով ներդրումային բանկը Հայաստանին մետրոպոլիտենում ներդրումներ կատարելու համար   կտրամադրի 5 մլն եվրո վարկ` 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ պայմաններով: Փոխնախարարը վարկի պայմանները բավականին մեղմ գնահատեց: Ընդհանուր առմամբ առաջին փուլի համար նախատեսվել է 15 մլն եվրո վարկ, որից 5 մլն-ը կտրվի որպես դրամաշնորհ, իսկ մյուս 5 մլն-ը կտրամադրի Վերակառուցման զարգացման եվրոպական բանկը (համաձայնագիրն արդեն հաստատվել է): Առաջին փուլում, փոխնախարարի ներկայացմամբ, նախատեսվում է վերանորոգել մետրոպոլիտենի շարժակազմը, մաշված ուղեգծերը եւ էլեկտրամատակարարման բաղադրիչները, նորացնել պոմպակայանները` ջրի ներհոսքի խնդիրը մեղմելու համար: Ջրի ներհոսքը նախատեսվում է վերջնականապես լուծել ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, որը նախատեսվում է մեկնարկել 2013 թ.: Բանկը Երեւանի մետրոպոլիտենում ներդրումների ընդհանուր գումարը 30 մլն եվրո է գնահատել: Հիմնական զեկուցողը նշեց, որ մետրոպոլիտենի երթեւեկության սակագները չեն փոփոխվել 2003 թ.-ից ի վեր: ԱՊՀ տարածքում մեր սակագներն ամենացածրն են, եւ, փոխնախարարի համոզմամբ,  դրանք պետք է  բարձրացվեն: Գլխադասային` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը պայմանագրին տվել է դրական եզրակացություն, փոխանցեց հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը: Ֆինանսական համաձայնագիրը դրական է գնահատել նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերություների մշտական  հանձնաժողովը, հարակից ելույթում ասաց Լյովա Խաչատրյանը:

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը խորհրդարանի վավերացմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը, որը կարգավորում է քաղաքացիների հետ վերադարձի ընթացակարգերը: Չեխիան 12-րդ երկիրն է, որի հետ Հայաստանը այսօրինակ համաձայնություն է կնքում: Զեկուցողը նշեց, որ այս համաձայնագրերը հնարավորություն են տալիս ընդլայնել երկրների համագործակցությունը միգրացիոն գործընթացներում: Արտաքին հարցերի մշտական հնաձնաժողովը համաձայնագիրը դրական է գնահատել:

«Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիան նիստում ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը: 1947 թ. Նյու Յորքում ստորագրված ՄԱԿ-ի այս կոնվենցիային միացել են արդեն 118 երկրներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում եւս գործում են ՄԱԿ-ի գործակալություններ` փոխնախարարն անհրաժեշտ համարեց վավերացնել կոնվենցիան եւ նպաստել այս կառույցների գործունեության լիարժեք ապահովմանը: Հայաստանը կոնվենցիային կմիանա կից վերապահումով: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ  Լյովա Խաչատրյանը:

«Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի 9-րդ եւ 12-րդ հոդվածները ներկայացվեցին նախ առաջին ընթերցման ընթացակարգով, ապա` փաստաթուղթն ամբողջությամբ, երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախաձեռնությունը հիմնավորեց համայնքային ծառայությունը իրական գործընթացներին համահունչ դարձնելու անհրաժեշտությամբ:  Պետական իրավական հարցերի հանձնաժողովը, ինչպես ներկայացրեց Հովհաննես Սահակյանը, նախագծին տվել է դրական եզրակացություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելով` կառավարությունը նպատակ ունի օրենսդրորեն ամրագրել Վերահսկիչ պալատի եւ իրավասու այլ մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունքները ավագանիում քննարկելու եւ որոշում կայացնելու նորմ: Վաչե Տերտերյանի համոզմամբ` այս քայլը կնպաստի ստուգումների արդյունքների հրապարակմանը, միաժամանակ ավագանու լիազորությունների ընդլայմանը: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում կիսում եւ պաշտպանում են այս տեսակետը, ինչի մասին հարակից ելույթում հայտնեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը:

«ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախաձեռնությունը նպատակ ունի գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման` հողերի նպատակային նշանակությունը փոխելու դեպքում մեղմել կադաստրային արժեքի տարբերությունը: Նախագծի համահեղիանակ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակում նշված գումարները չեն վճարվի մինչեւ 540 ք/մ հողատարածքի համար, իսկ ձկնաբուծության դեպքում այդ շեմը 1000 ք/մ-ի փոխարեն դարձել է 5000ք/մ: Նախատեսվել է նաեւ այս նշանակության հողերից գումարները գանձելու մեկամյա ժամկետ: Պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ դրական էին թե կառավարության եւ թե գլխադասային` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետները:

Վերջին նիստում, ԱԺ կանոնակարգ-օրենքի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85